77 կողմ, 2 դեմ քվեարկությամբ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Արթուր Ջավադյանը. ամփոփելով քվեարկության արդյունքները՝ այս մասին ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը։
Նա նշեց, որ քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 79-ը։ Անվավեր քվե չի գրանցվել։
Նշենք, որ քառյակը քվեարկությանը չմասնակցեց։ ՀՀԿ պատգամավորներից բացի մասնակցեցին անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Էդմոն Մարուքյանը, ՕԵԿ-ական պատգամավորները։
Արթուր Ջավադյանը մոտենալով ամբիոնին՝ նախ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական բոլոր ուժերին՝ բաց ու թափանցիկ քննարկման համար։ «Նաև այն պատգամավորներին, ովքեր մասնակցեցին և վստահության քվե տվեցին ինձ։ Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել բոլորին, որ ես և ԿԲ-ի ողջ անձնակազմը իր ներուժը կդնի ծառայելու ՀՀ քաղաքացուն և իրագործելու բոլոր խնդիրները, որոնք կդրվեն մեր առջև, իհարկե՝ ձեր աջակցությամբ»։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին շնորհավորեց նորընտիր ԿԲ նախագահին՝ ցանկանալով բեղմնավոր աշխատանք։