Քաղաքական 

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են սպառողների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Պետությունների համագործակցության ակտիվացումն ու բիզնեսի ազատականացումը կարող են հանգեցնել մի շարք խնդիրների՝ կապված անորակ ապրանքների տարածման և սպառողների շահերի պաշտպանության իրավիճակի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն, ով Հայաստանում մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստին։

 

Նա նշեց, որ Ռուսաստանն այս առումով արդեն իսկ քայլեր է ձեռնարկել՝ ամրապնդելու սպառողների պաշտպանությունը, և օրինակ բերեց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները։ «Ռուսաստանում ընդունված նոր օրենքն ուղղված է պաշտպանելու սպառողների շահերը` սկսած առողջության պահպանումից մինչև ֆինանսական հարցերը։ Հասարակությունը պետք է նախ և առաջ իմանա իր իրավունքները և երկրորդ՝ պետք է կարողանա պաշտպանել դրանք։ Իսկ պետությունը պետք է ապահովի այդ գործընթացը։ Մենք բոլորս ենք բախվում սպառողների շահերի ոտնահարման դեպքերի, իսկ դրանք կանխելու համար յուրաքանչյուր սպառող պետք է տեղյակ լինի իր իրավունքներին և կիրառի դրանք։ Այսօր մեր պետություններն ակտիվորեն ինտեգրվում են, իսկ բիզնեսի ազատականացումը կարող է բերել մի շարք խնդիրների՝ կապված անորակ ապրանքների տարածման հետ։ Նման դեպքերը կանխելու համար կարևոր են պետությունների համագործակցությունն ու համատեղ ծրագրերը»,- ասաց Օնիշչենկոն։ Նա հիշեցրեց, որ խորհուրդը ձևավորվել է ընդամենը երկու տարի առաջ և հույս հատնեց, որ հետագայում այն ավելի լայնածավալ ծրագրեր կիրականացնի։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց, որ խորհրդի աշխատանքներն ուղղված են հատկապես նրան, որ ակտիվանա համագործակցությունը սպառողների իրավունքները պաշտպանող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև։ «Եթե սպառողը գիտի իր իրավունքները, ռիսկը հասցնում է նվազագույնի։ Իր առողջության ամենալավ պաշտպանը հենց սպառողն է, հարցը վերաբերի անորակ ապրանքների օգտագործմանը, թե այլ ոլորտների։ Նախորդ տարի մենք օրենքի փոփոխության երեք նախագիծ ներկայացրինք ՀՀ կառավարությանը, այս տարի ևս երկուսը կներկայացվի։ Դրանք ուղղված են ամրապնդելու սպառողների իրավունքներին վերաբերող իրավական դաշտը»,-ասաց Խալիկյանը։

 

Նույն շարքից