Հայաստան Քաղաքական Բարի օր 

Իշխանությունները որոշել են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը հետաձգել, քանի որ ներկայիս ՍԴ կազմով հնարավոր չէր լինի կոնվենցիան ընդունել. Անի Հովհաննիսյան

«Վետո» քաղաքական-հասարակական շարժման անդամ Անի Հովհաննիսյանը վստահ է՝ տեղեկությունները, թե իշխանությունները որոշել են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը հետաձգել, մանիպուլյացիոն քայլ են՝ ժամանակ ձգելու և Սահմանադրական դատարանի կազմը փոխելուն միտված գործողություններ անելու համար:

Սա, ըստ նրա, արվում է, քանի ՍԴ-ն գործող կազմով չէր կարող սահմանադրական ճանաչել կոնվենցիայի հակասահմանադրական որոշ դրույթներ: Այս մասին նա նշել է Tert.am-ի հետ զրույցում:

«Իրականում սա իշխանությունների կողմից ընդամենը տակտիկական քայլ է, նրանք մանևրում են, քանի որ իրենց պետք է ժամանակ ունենալ, որպեսզի կարողանան այսօրվա Սահմանադրական դատարանի կազմը փոխելուն միտված գործողություններ անել: Մի քիչ նախապատմությունը հիշենք, երբ փորձ արվեց օրենք ընդունելով ՍԴ անդամներին փաստացի օրինական կաշառքով դրդել, որ նրանք հրաժարական տան: Ինչի՞ համար էր դա արվում, որովհետև ներկայիս ՍԴ կազմով հնարավոր չէր  լինի Ստամբուլյան կոնվենցիան ընդունել, քանի որ ՍԴ-ն դա կճանաչեր հակասահմանադրական»,-ասել է նա:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը հետաձգել և հարցը սեպտեմբերյան նստաշրջանում ԱԺ չբերել: Ըստ մամուլի՝ այն խորհրդարան կուղարկեն հաջորդ տարի՝ փետրվարին՝ գարնանային նստաշրջանում քննարկելու համար։

Անի Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ նշվել է, թե որ կետերն են հակասում ՀՀ սահմանադրությանը: «Հենց այդ պատճառով իշխանություններին պետք էր, որպեսզի կարողանան ՍԴ դատավորների կազմը փոխել, և արդեն նոր կազմով ՍԴ-ն տվյալ դրույթները համարվեր չհակասող, օրինական, որից հետո ԱԺ վավերացում տեղի ունենար»,-ասել է նա:

Կոնվենցիան պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար, ապա ուղարկվի խորհրդարան:

Անի Հովհաննիսյանը պարզաբանել է, թե իշխանության համար թերևս կոնվենցիան վավերացնելու միայն մեկ խոչընդոտ կա՝ ՍԴ-ն իր ներկա կազմով: «Իշխանությունն ունի ԱԺ-ում մեծամասնություն, և որպես այդպիսին ԱԺ-ում  կոնվենցիայի վավերացումը որևէ խնդիր չէր հարուցելու: Բայց խնդիր լինելու էր ՍԴ-ում՝ այսօրվա կազմի պատճառով, որը ոչ մի կերպ չէր գնա Սահմանադրությանը դեմ և  հակաօրինական որոշումներ չէր կայացնի, որը զուտ իշխանությանը հաճելի կլիներ: Հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել, որ կսկսվեն կոնկրետ նոր գործընթացներ ՍԴ-ի ներկայիս կազմը ցրելու և նոր կազմ ձևավորելու ուղղությամբ»,-ասել էնա:

«Վետո» քաղաքական-հասարակական շարժման անդամն ընդգծել է, որ կոնվենցիայում կան բազմաթիվ կետեր, որոնք հակասահմանադրական են: «Մասնավորապես այն, որ մեր Սահմանադրությամբ կին և տղամարդն են համարվում որպես ընտանիք: Միայն այդ կետը բավարար է, որ այդ կոնվենցիան ճանաչի հակասահմանադրական, և այլևս ԱԺ-ն չի կարող վավերացնել, և որպեսզի ՍԴ-ն չտա նման եզրակացություն, պետք է ՍԴ-ի նոր կազմ»,-ասել է նա:

Անի Հովհաննիսյանը նաև կոչ է արել բոլոր այն կազմակերպություններին, որոնք պայքարում են կոնվենցիայի վավերացման դեմ, իշխանությունների հետքայլը չընկալեն որպես հաղթանակ: «Ամենևին պետք չէ ձեռքերը լվանալ և մտածել, որ սա հաղթանակ էր, և որևէ կերպ այդ հարցը մղվի հետին պլան: Հակառակը՝ պետք է շատ ավելի լուրջ պատրաստվել և հասկանալ, որ սա հաղթանակ չի, սա իշխանությունների կողմից քայլ է, որ հետագայում  իրենք կարողանա վերջնականապես անցկացնել այդ կոնվենցիան»,-ասել է նա:

Նույն շարքից