Ամուլսարի հարցը քննարկվում է խմբակցությունում և գործադիրում: Հարցը հասարակության ուշադրության կենտրունում է, մարդկանց հետաքրքրում է թեման: Լրագրողների հետը զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ամուլսարի մասին և հավելելով, որ ինքն ունի իր կարծիքը:
Միրզոյանի խոսքերով, հիմա վարչապետը համապատասխան հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը, պետք է նախարարությունը եզրակացություն տա՝ արդյո՞ք հիմքեր կան նոր փորձաքննության համար:
ԱԺ նախագահը հրաժարվել է հայտնել իր տեսակետը՝ առաջարկելով սպասել:
Միրզոյանի խոսքերով, ընդհանրապես որևէ հանքի շահագործումը կարող է արդարացված լինել. «Որևէ մեկը կարծում է, որ մենք կարող ենք փակե՞լ բոլոր հանքերը: Բայց այս հարցում պետք է սպասել»:
ԱԺ խոսնակը դրական է համարում Ամուլսարի հարցով բանավեճի առկայությունը՝ միևնույն ժամանակ կարևորելով քաղաքակրթության պահպանումը. «Լինում են հայհոյանքներ, սակայն դրան զուգահեռ կան նաև փաստարկված կարծիքներ, որոնք պետք է քննվեն: Երկխոսությունը մշտապես պետք է լինի»:
«Պետք է տեսնենք՝ ռիսկերը կառավարելի՞ են, թե չէ, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, թե՝ չէ: Պետք է սպասել մասնագիտական կառույցի խոսքին»,-հայտարարել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը վստահում է Քննչական կոմիտեին:
ԱԺ նախագահը նաև վստահ է, որ Իմ քայլը խմբակցությունում պառակտում չի լինի Ամուլսարի հարցի պատճառով: