Տեսանյութեր Հասարակություն 

Անկարան ու Բաքուն սպառնում են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան

 

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին.

 

Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին, կարևորում եմ ձեր բոլորի ներկայությունը և ակնկալում եմ ակտիվ և բովանդակային քննարկում համաժողովի օրակարգի շուրջ: Բայց մինչ բուն խոսքիս անցնելը, կուզենայի հիշել նրանց ովքեր պետք է այստեղ լինեին, սակայն ճակատագրի բերումով մեզ հետ չեն այսօր: Կխնդրեի լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել վերջերս կյանքից հեռացած մեր դեսպանների՝ Արման Կիրակոսյանի և Գառնիկ Բադալյանի հիշատակին:

Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ,

ԱԳՆ կենտրոնական  ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի անցկացումը Երևանում ավանդույթ է դարձել: Այնուամենայնիվ, այս համաժողովն առաջինն է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, ուստի և նպատակ ունի հստակեցնելու տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթություններն ու դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի: Հրամայական է նաև վերլուծել մեր պետության առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար մարտահրավերներն ու սպառնալիքները, քննարկել արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի վրա, ինչպես նաև կանխատեսել անցանկալի զարգացումներն ու հնարավորության դեպքում մշակել դրանց չեզոքացմանն ուղղված քայլերը:

Այնուհանդերձ, կցանկանայի ընդգծել, այս անգամ փոխվել է ոչ միայն քննարկումների ձևաչափը, այլև ներկայացվում են Հայաստանի դիվանագիտական ծառայության տեսլականն ու ամրագրվել են արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները, որոնք ծառայելու են որպես հիմք և ուղենիշ մեր դիվանագիտական գործունեության համար:

Համաժողովն անցնում է «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Ի՞նչ նկատի ունենք արժեքների տակ։

Առաջինը, հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում ստեղծել է քաղաքակրթական արժեքներ, որոնց հենքում են մարդու արարչագործությունը, նրա հոգևոր զարգացումը, ազգայինը և համամարդկայինը  ներդաշնակեցնելու շարունակ ձգտումը: Որպես քրիստոնեությունն ընդունած առաջին ազգ, հայ ժողովուրդն իր ազգային հաստատությունների միջոցով շարունակել է դավանել և կրել հենց այդ համամարդկային արժեքները։ Այս կոնտեքստից բխում է նաև այսօր մեր գլոբալ պատասխանատվությունն ու առաքելությունը պաշտպանելու քաղաքակրթությունները և նորովի վերաստանձնելու քաղաքակրթությունները կամրջողի Հայաստանի պատմական և բնական դերակատարությունը:

Երկրորդ,  պատմամշակութային այն հարուստ ժառանգությունն է, որ թողել է պատմության ընթացքում հայ ժողովուրդն աշխարհի տարբեր մասերում և որը պետք է վերածել արժեքավոր դիվանագիտական հաղթաքարտի երկկողմ և բազմակողմ մակարդակներում։

Երրորդ, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքները, պարզորոշ կերպով փաստեցին, որ մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն պատմական, այլև ժամանակակից արժեքներով։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հաղթեց աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ վերջին շրջանում ձևավորված հոռետեսության, մշակութային ռելատիվիզմի  վերաբերյալ դատողությունների պայմաններում։ Հայաստանը և նրա ժողովուրդը ցույց տվեցին, որ մարդկային արժանապատվության հիման վրա ստեղծված համամարդկային արժեքները վեր են ամեն մի աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Հայ ժողովուրդն ընտրեց իրական ժողովրդավարության համակարգը ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ նրանցից որոշակի սպասելիքներից դրդված, այլ որովհետև այդ  համամարդկային արժեքները ճշմարիտ արժեքներ են և մենք էլ ճշմարիտ ժողովուրդ, որը ոչ միայն կարող է սպառել, այլ ստեղծել և արարել արժեքներ: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղորդում է մեզ ինքնավստահություն մեր ուժերի, մեր ժողովրդի միասնության, հանդուրժողականության, ազատամտության և արդարությունը պաշտպանելու ունակության վրա։
Թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարության հաստատումը ամենակարևոր արժեքը լինելուց բացի, մեզանում  նաև անվտանգության և զարգացման հարց է, որը թույլ է տալիս ունենալ ազատ և արարող անհատ, համերաշխության և կոնսենսուսին ունակ հասարակություն, ամուր պետական համակարգ, որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմ, միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերն առավել ամրապնդելու համար:

 

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ

-Վերոնշյալ արժեքները Հայաստանի Հանրապետության այն բացառիկ առավելությունն են աշխարհի հետ հարաբերվելու և ամուր արժեքային հենքի վրա հարատև ու կայուն հարաբերություններ կառուցելու համար;

-Դրանք արտացոլում են այն համամարդկային ու աշխարհի տարբեր ժողովուրդների հետ մեր պատմական և արդի բացառիկ փոխկապակցվածությունը, որոնց նպատակասլաց և հետևողական զարգացումն ու ճշգրիտ օգտագործումը պետք է ապահովի բարենպաստ միջավայր Հայաստանի դիվանագիտության արդյունավետ իրականացման համար:

Հատուկ պետք է ընդգծեմ, որ այս համաժողովի ընթացքում մենք այսօր հստակ ամրագրում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնք  կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը.

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս սկզբունքի առանցքը  Հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների  պաշտպանությունը: Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել:  Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա:

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա և սկզբունք է և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքը արտացոլում է ոչ միայն Հայաստանի որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև Հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ ենք, որ  այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքը ենթադրում է մեր ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը, անհատի, համազգային կառույցների, պետության մակարդակներում՝ ուղղված համազգային խնդիրների վերհանմանն ու հետապնդմանը, հայկական ժառանգության, միասնության և համերաշխության պահպանմանը։ Այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության այն գլոբալ հովանոցը, որն իր մեջ բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը: Համահայկականության սկզբունքի գործադրումը պետք է ապահովի փոխադարձ աշխարհասփյուռ Հայության ամուր գործնական կապը  Հայաստանի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

Նույն շարքից