Գլխավոր Հասարակություն 

Կազմակերպվում է դավադրություն. Լևոն Ջուլֆալակյանը հայտնեց հեռանալու պատճառների մասին

analitik.am

 

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է հրաժարական տալ: Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Ջուլֆալակյանը հաստատեց փաստը՝ հավելելով, որ դրա համար կան պատճառները:

Ջուլֆալակյանը հավաքականի մարզիչն է արդեն 21 տարի: Նա հայտնեց, որ այս տարիների ընթացքում 70 մեդալ է նվաճվել: Դրանց մեծ մասը Եվրոպայի, աշխարհի, Աշխարհի գավաթի, Օլիմպիական խաղերի, համաշխարհային ուսանողական խաղերի մեդալներն են:

Ջուլֆալակյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ խնդիրներ չի ունեցել ու չունի ոչ Սպորտի նախարարության, ոչ ՀԱՕԿ-ի, ոչ էլ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ. «Նրանց համար հաճելի չէր լսել իմ որոշման մասին, սակայն ես համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է: Որոշման պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսներին տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկներ ցանկանում են գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը լինի իրենց ցանկությամբ, մրցումների վայրը լինի իրենց ցանկութմամբ, կազմը լինի իրենց ցանկությամբ: Պարզ ասած, կազմակերպվում է դավադրություն: Թե ինչն է պատճառը, ինձ համար հասկանալի և անհասկանալի է: Բայց փաստը մնում է փաստ, որ մարզիկները կիսվել են երկու բևեռի: Հավաքականը նման դեպքում կորցնում է իր ուժը, համախմբվածությունը: Նման հավաքականի հետ աշխատանքը ես չեմ կարող շարունակել»,-ասաց պարոն Ջուլֆալակյանը՝ հավելելով, որ ինքը միշտ արել է ամեն ինչ լավագույն արդյունքներին հասնելու համար:

Նրա խոսքերով, եթե կան մարզիկներ, ովքեր լիարժեք պատկերացնում են մարզչի գործը, նման պարագայում մարզչի դերը վերանում է:

Հավաքականի մարզիչը նաև մաղթեց ճիշտ ընտրություն կատարել նոր մարզչի գործում, որպեսզի հավաքականի հաջողությունները շարունակական լինեն. «Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ, տրվել եմ լիարժեք: Ամբողջ առողջականով ու նվիրավածությամբ արել եմ այն, ինչ կարողացել եմ»:

 

Նույն շարքից