Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևը:
«Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ բոլոր առումներով բացատրելու, ներկայացնելու, համոզելու, հաշվառելու, հաշվարկելու, այնպես անելու, որ մեր քաղաքացիներին մենք սոցիալական լուրջ որևէ խնդիր չհարուցենք։ Հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կբերվի Ազգային ժողով»,-պատասխանեց վարչապետը և նշեց, որ նրանք, ովքեր ուզում են մասնակցություն ունենալ նոր փաթեթի մշակմանը՝ կարող են մասնակցել:
«Արդյունքում կունենանք օրենքի նախագիծ, որը կբխի մեր բոլորի շահերից և հաշվի կառնի քաղաքացու, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության առաջարկությունները։ Սա շատ կարևոր բարեփոխում է, որը պետք է մենք իրականացնենք՝ թե ի՞նչ ձևաչափով, պետք է համբերենք։ Հունիսին, հույս ունենք, կունենանք նախագիծն ու կբերենք ԱԺ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը կառավարության նոր ծրագիրը ներկայացնելով՝ նշել էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված։