ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցներին: Ինչպես analitik.am -ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը շնորհավորել է աշակերտներին և նրանց ուսուցիչներին, հանրապետության կրթության և գիտության նախարարության պատասխանատուներին` օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրավելու և Արցախն արժանիորեն ներկայացնելու կապակցությամբ:
Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած 27 աշակերտների և դրամական պարգևներ` 1-ին ու 2-րդ կարգի դիպլոմակիր դպրոցականների ուսուցիչներին:
Երկրի ղեկավարը կարևորել է առարկայական օլիմպիադաների անցկացումը` ինչպես գերազանց արդյունքների հասած երեխաների բացահայտման ու խրախուսման, այնպես էլ կրթության մակարդակը բարձրացնելու, դրական միտումները զարգացնելու և առկա բացերը շտկելու համար` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի կրթության ոլորտը: