Օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանությւան է և սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում նշված սննդի կետում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, 16-ամյա Մհեր Ս.-ն գարեջրի բաժակով հարվածել է Երևանի բնակիչ, 51-ամյա Վահե Գուզելյանի գլխին, որից հետո Մհեր Ս.- ի ընկեր, Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Շ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել սննդի կետի տնօրենի մարմնի տարբեր մասերին:
Հետաքննիչին Վ. Գուզելյանը հայտնել է, որ ինքը գլխի մասում ստացել է վնասվածք, իսկ մարմնի տարբեր մասերին ֆիզիկական ցավ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Մհեր Ս.-ին և Գևորգ Շ.-ին և ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելին՝ shamshyan.com