Քաղաքական 

ՀՀԿ համագումարի օրակարգում 14-րդ համագումարից 15-րդն ընկած ժամանակահատվածի իրադարձություններն են

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարը:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության վաղվա համագումարի օրակարգում ներառված են Հանրապետության Նախագահի, վարչապետի, կուսակցության փոխնախագահների, տարածքային կառույցների ղեկավարների ելույթներ, ինչպես նաև՝ ներքին կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ կուսակցության նախագահի, Գործադիր մարմնի ու Խորհրդի ընտրություններ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախատեսված է կուսակցության և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երկու ելույթները, մեկը՝ հաշվետու, ծրագրային, մյուսը՝ միտված ապագային» ,-մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը: Համագումարի մասին այլ մանրամասներ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց հայտնել:

Հիշեցնենք, որ սա կուսակցության հերթական՝ 15-րդ համագումարն է, նախորդ արտահերթ համագումարն անցկացվել էր 2012 թ. դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ 13-րդ հերթական համագումարը՝ 2012-ի մարտի 10-ին:

Հատկանշական է, որ այս ժամանակահատվածից հետո տեղի է ունեցել 2 համապետական՝ 2012 –ի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, ինչպես նաև՝ Երևանի ավագանու ընտրությունները, չհաշված այս տարվա իրադարձությունները՝ կուտակային կենսաթոշակայինի հարցով Սահմանդրական դատարանի որոշումը, Կառավարության հրաժարական, նոր Կառավարության ձևավորում:

Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթի շեշտադրումները կվերաբերեն այս իրադարձություններին:

Արտաքին քաղաքական ոլորտում ևս արձանագրվեցին որոշ իրադարձություններ. 2013 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն՝ Եվրոպական ասոցացումից մինչև ինտեգրում, Եվրասիական տնտեսական միություն ու Մաքսային միություն:

Մեր տեղեկություններով՝ չնայած մամուլում եղած տարաբնույթ լուրերին՝ համագումարում կուսակցության խորհրդի կառուցվածքային փոփոխությունների հետ կապված մեծ անակնկալներ չեն սպասվում՝ դեմքերի առումով, թեև կլինի խորհրդի որոշակի ընդլայնում:

Նույն շարքից