Քաղաքականություն 

ԼՂ խնդրի խաղաղ լուծումը կամ տապալումը կախված է կողմերի կամքից. Ուորլիք

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին։

 

«Ես շատ եմ ուզում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ՝ նոր գաղափարներ առաջարկելու և կողմերին օգնելու գտնել խաղաղ բանակցությունների ուղին»,-ասել է Ուորլիքը՝ մեկնաբանելով հարցը, թե ադրբեջանական իշխանությունները դժգոհ են նրա գործունեությունից և Twitter-ում գրառումներից։

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ էր կողմերին առաջարկելը համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, դիվանագետն ասել է, որ փոխադարձ որոշումը կարող էր նպաստել էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի հարցը լուծելուն, այնպես, ինչպես եղել էր նախքան հակամարտության սկիզբը։

 

«Մենք շարունակում ենք աջակցել ցանկացած քայլի, որը կկարողանար նվազեցնել ճնշումն ու վերականգնել կողմերի միջև վստահությունը»,-ընդգծել է Ուորլիքը։

Նույն շարքից