Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարությունն օրենքի նախագիծ է ընդունել օրենքով գողերի վերաբերյալ, որով պատիժ է սահմանվում նման կարգավիճակ ունեցողների, կարգավիճակ տվողների, ստացողների, օրենքով գողերին դիմելու համար:
Վարչապետ Փաշինյանի խոսքերով, կարող է հարց առաջանալ, թե ինչու է պատիժ սահմանվում օրենքով գողի, կամ քրեական հեղինակության համար. «Հարցը ունի կոնկրետ պատասխան: Այդ կարգավիճակը պրակտիկայում նշանակում է, որ այդ մարդը պրոֆեսիոնալ ձևով զբաղված է հանցագործություններ կազմակերպելով: Դա աշխատանք է: Բերեմ ցայտուն օրինակ: Ենթադրենք ինչ-որ մեկը քաղաքացիական կյանքում ուզում է ինչ-որ մեկին թալանել: Նա գնում դիմում է նման կարգավիճակ ունեցող մարդու ու վերջինիս միջոցով կազմակերպվում է ամեն ինչ»:
Վարչապետի խոսեց նաև քրեակատարողական հիմնարկների մասին. «Դատապարտված անձը, երբ մտնում է ՔԿՀ, վերոնշյալ համակարգը սկսումէ նյութապես քամել նրան ու նրա հարազատներին: Դա լինում է խաղերի մեջ ներքաշելով, ՔԿՀ-ում նորոգման աշխատանք կատարելու, մատաղի փող հավաքելու միջոցով: Ես՝ ինքս, էլ տեսել եմ ՔԿՀ-ում տասնյակ դեպքեր, երբ մարդիկ ամբողջ ազգուտակով վերջին շապիկն են ծախսել այդ գիշատիչ համակարգում իրենց հարազատներին պաշտպանելու համար: Հասկանում ենք, որ դիմադրություն է լինելու, սակայն մենք պետք է վճռական լինենք»:
Վարչապետը կարևորեց նաև ՔԿՀ-ներում աշխատողների աշխատավարձի հարցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ առաջիկայում նախաձեռնելու են ՔԿՀ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու գործընթաց: