Կառավարության նիստի ժամանակ Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշեր տրամադրելու գործընթացի կարգավորման համար:
Որոշմամբ «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր կարող են հատկացվել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից, ինչի շնորհիվ անձանց համար հնարավորություն կստեղծվի համարանիշերի տրամադրումն ապահովել անմիջականորեն տրանսպորտային միջոցների բացթողման ժամանակ՝ այդպիսով ապահովելով մեկ պատուհանի միջոցով որոշ ծառայությունների տրամադրման հնարավորությունը:
Արդյունքում կխնայվի պետական ծառայությունների աշխատանքային և ժամանակային ռեսուրսի օգտագործումը, կկրճատվի հայտարարատուների ժամանակի ծախսը, և կբացառվի պետական մարմիններին բազմակի դիմելու անհրաժեշտությունը: