Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մայիսի 22-ին հանդիպել է Քուվեյթի Պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Հինդ Ալ-Սուբեյհի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում երկկողմ համագործակցության խթանման հնարավորությունները: Նախարարը ներկայացրել է իր իրավասության ոլորտում ընթացող բարեփոխումների ընթացքն ու նշել այն հիմնական ուղղությունները, ուր Հայաստանի հետ համագործակցությունը կարող է առաջընթաց արձանագրել:
Դեսպան Չարչօղլյանն իր հերթին ներկայացրել է երկկողմ հարաբերությունների ընթացքը` հայտնելով աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում դրական տեղաշարժեր արձանագրելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Էլ-Քուվեյթ նահանգի նորանշանակ նահանգապետ Սաբեթ Ալ-Մահնայի հետ: Քննարկվել ե երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերի ստեղծման և ամրապնդման ոլորտում ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները: Նահանգապետը վերահաստատել է նախորդ նահանգապետի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման իր հանձնառությունն ու պատրաստակամություն հայտնել հնարավորինս նպաստել երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցության սերտացմանը: