ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին երկրում հաջողությամբ անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:
«Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին, ում ձայնը լսելի էր դարձել՝ նախագահական ընտրություններում իրենց ցուցաբերած մասնակցության արդյունքում: Չնայած սադրանքների և բռնությունների, միլիոնավոր ուկրաինացիներ ամբողջ երկրում քվեարկել են ընտրատարածքներում», - ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ այս ընտրությունները կարևոր ևս մեկ քայլ են Ուկրաինայի կառավարության կողմից երկրի միավորման և բոլոր քաղաքացիների հետ երկխոսություն ծավալելու գործում:
«Մենք շարունակում ենք նաև սատարել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դատապարտում և մերժում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումն ու բռնակցման փորձը», - ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 26-ին կայացած նախագահական արտահերթ ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, հաղթել է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն՝ հավաքելով 54,09 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական հակառակարոդ Յուլիա Տիմոշենկոն` 13,1 տոկոս: Երրորդ տեղում է եղել Օլեգ Լյաշկոն՝ հավաքելով 8,49 տոկոս ձայն:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել 21 հոգի: