Այսօր՝ օգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Ս. Գայանե վանքում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Այս մասին գրում է 168.am-ը :
Կրթության մշակների օրհնության արարողությունը սկզբնավորվել է դեռևս 2010 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ Մայր Աթոռի գործակցության արդյունքում: 2010թ. սկսած ՀՀ ԿԳ բոլոր նախարարները պարտադիր մասնակցել են օրհնության կարգին: «Նոր Հայաստանում», սակայն, իրավիճակն այլ է:
Երկրորդ տարին անընդմեջ թավշյա հեղափոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար դարձած Արայիկ Հարությունյանը ներկա չի գտնվում այդ արարողությանը:
168.am-ը կապվեց նախարարի խոսնակի հետ, վերջինս խոստացավ ճշտել և տեղյակ պահել, թե ինչու նախարարը չի մասնակցել այդ արարողությանը: Իհարկե, ստանալուն պես՝ կհրապարակենք նախարարի պատասխանը:
Հետաքրքրականն այն է, որ այսօր նախարարը, օրինակ՝ ժամանակ գտավ այցելելու Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից կրթաթոշակներ հանձնելու արարողությանը, բայց չգնաց Մայր Աթոռ: Շատ վտանգավոր է, որ երկրի կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուն չի կարևորում ազգային ինքնության պահպանման և դաստիարակության գործում սահմանադրորեն ճանաչված ինստիտուտը: