Հասարակություն Իրավական 

Հույսով սպասում էի, որ կլինի իրական արդարադատություն. Գ. Խաչատրյանի պաշտպան

ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին Գագիկ Խաչատրյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել է քննիչի՝ ձերբակալման որոշումը:

«Մենք սպասում ենք, որ դատարաններն ավելի առաջ գնան, բայց այս առումով ոչինչ չփոխվեց»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մենք արդեն երրորդ օրն է՝ խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում, և դրանց վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում այդպիսի նյութեր չկային, որ մեր հակափաստարկները կարողանային չեզոքացնել»,-ասաց նա և նշեց, որ բողոքարկելու են որոշումը:

Ըստ նրա՝ այն, ինչ ներկայացվում է, իրավաբանության հետ կապ չունի: «Այն, ինչ ներկայացվել է որպես մեղադրանք, դա կարելի է ցանկացած այլ պետական հիմնարկի ղեկավարի, ում հիմնարկում որևէ պաշտոնատար անձ թերություն է թույլ տվել, կամ հանցագործություն է կատարել, այս մեղադրանքի պայմաններում ցանկացածին կարելի է վերագրել այս մեղադրանքը, քանի որ դու ղեկավարն ես, դու պետք է իմանայիր»,-ասաց նա և նշեց, որ խոսքը 200 միլիոն դրամի մասին է:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանի որոշման մեջ բացակայում են հիմնավորումները և պատճառաբանությունները, թե ինչու է կալանավորում իրականացվել:

Նա նշեց, որ այս պահին իր ունեցած փաստերի վրա քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ կապված Ամուլսարի թեմայից հասարակության ուշադրությունը շեղելու առումով:

«Ես հույսով սպասում էի, որ կլինի իրական արդարադատություն: Գիտեմ, որ տարբեր շրջանակներում տարբեր կերպ է ընկալվում այս որոշումը, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար պետք է առավել արժեքավոր լիներ, որ ՀՀ դատարանը ի վիճակի լիներ անկախ և անկաշկանդ որոշում կայացնելու»,-ասաց Սարգսյանը:

Նշենք, որ երեկ դատարանը հետաձգել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ 4 օր առաջ՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։

«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասել էր նա:

«Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով»,-հավելել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ավելի ուշ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր:

Նույն շարքից