Օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։
Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։
Այս պահի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։
Աշխատանքները շարունակվում են»,-գրել է նա: