Հասարակություն 

Ըստ փաստաբանի, երբեմն անհնար կլինի ապացուցել, որ տվյալ մարդն օրենքով գող է

Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Եթե կարճ ձևակերպելու լինենք, խոսքը վերաբերում է օրենքով գողերի մասին հայտնի նախագծին:

Analitik.am-ի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ շատ բարդ կլինի պարզել, թե ով է օրենքով գող, ապացուցել դա, երբեմն նույնիսկ անապացուցելի կարող է դա լինել:

Հարցին, ենթադրել կարելի՞, որ կառավարության կողմից ընդունած օրենքի վերջնական վավերացումից հետո որոշ օրենքով գողեր կհրաժարվեն կոչումից՝ բանտում չհայտնվլու համար, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ դա անձի վերաբերմունքն է իր նկատմամբ. «Եթե որոշեն հրաժարվել, կարծում եմ դա անձնական խնդիր կլինի: Ըստ մեր օրենսդրության, անձը կարող է ընդհանրապես հարցին չպատասխանել: Սահանադրության և քրեական դատավարության օրենսգրքով, անձն իրավասու է չպատասխանել իր վերաբերյա հարցերին, առավել ևս այն դեպքում, որ ողջամտորեն կարող է ենթադրել, որ դա կօգտագործվի իր դեմ»:

Պատասխանելով մեր համապատասխան հարցին, փաստաբանը չբացառեց, որ այս օրենքը կարող է պոպուլիստական քայլ լինել, եթե հաշվի առնենք այն, որ մեր հասարակությունը սիրում է հետաքրքրվել այս թեմայով. «Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում, Ռուսաստանում, նմանատիպ օրենքներ ընդունել են , կարծում եմ Հայաստանն էլ այդ օրինակին կհետևի: Ավելի շատ ոչ թե պոպուլիստական է, այլ պայմանավորված է մյուս երկրների կողմից այդ օրենքն ընդունելով»:

Պարոն Սիմոնյանի խոսքերով, իր գործունեության ընթացքում երբեք առնչություն չի ունեցել օրենքով գողերի հետ, թեկուզ՝ ոչ ուղղակի:

Մեր զրուցակիցը համակարծիք չէ այն մտքի հետ, որ օրենքով գողերն իրոք այդքան մեծ մասնակցություն ունեն հանցագործությունների կազմակերպման գործում, ինչպես ընդունված է կարծել:

Հիշեցնենք՝ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործություններ կազմակերպելն օրենքով գողերի աշխատանքն է:

Մեզ հետ զրույցում փաստաբան Սիմոնյանը նաև նշեց, որ Խորհրդային Միության ժամանակներից, տարբեր գրականությունից, պատմություններից մեր օրեր եկել հասել են այնպիսի տվյալներ, որ քրեակատարողական հիմնարկներում պետք է լինեին այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանային կարգավորել քրեական աշխարհի ներքին կյանքը: Այդպիսի մարդիկ էլ եղել են հենց, այսպես կոչված, օրենքով գողերը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից