Հասարակություն 

Ինչո՞ւ է կապել երեխայի բերանը, նետել աղբանոց ու վրան աղբ լցրել․ մանրամասներ մոր ցուցմունքից

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն  Aravot.am-ին որոշակի մանրամասներ հաղորդեց Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։

Դատախազն ասաց, որ իր հանձնարարությամբ հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել  է ձերբակալել երեխայի մորը։ «Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանի հատվածում մտցրել է շոր, նետել է աղբանոց՝ վրան լցնելով աղբ։ Եվ պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով  սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել», -ասաց դատախազը։

Դեպքը  տեղի է ունեցել  երեկ ուշ երեկոյան՝  ժամը  23․00-ի սահմաններում։ Մայրը նշել է նաև, որ մեկ ամիս առաջ է բաժանվել ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդուց, աշխատանք չունի, Գյումրու Ճերմակ հիվանդանոցի մոտակայքում բնակվում է վարձով։ Նա առողջական խնդիրներ կարծես  չունի, համենայնդեպս հաշվառված չէ հոգեկան առողջության կենտրոնում։

Նույն շարքից