Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, գիտելիքի և դպրության օրը։ Այս օրը որպես տոն մեր երկրում նշվում է դեռ 1984թվականից՝ ԽՍՀՄ Բարձրագույն խորհդի նախագահության հրամանագրով։
ԽՍՀՄ- ի փլուզումից հետո Գիտելիքի օրը մնաց պաշտոնական տոն նրա կազմում եղած պետությունների համար։ Այն նախկինի պես նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենիայում, ինչպես նաև Չեխիայում և մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակվում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։
Թեև Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն, բայց ոչ բոլոր երկրներում է, որ նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկից։
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։
Այսօրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով հանրապետության դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան: