Քաղաքական Հասարակություն 

Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե շատ փող ունենալու մասին, այլ նոբելյան մրցանակի մասին․ վարչապետ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտներին, ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորեց սահմանամերձ Վահան գյուղից։

«Ես ցանկանում եմ, որ դուք շատ մեծ վստահություն ձեռք բերեք ինքներդ ձեր ուժերի նկատմամբ և գիտակցեք, որ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու ամենակարևոր գործիքը գիտելիքն է։ Այն մեզ օգնում է ճանաչել մեզ շրջապատող աշխարհը, ինքներս մեզ։ Գիտելիքը մեզ օգնում է ճանաչել և իմանալ մեր ինքնությունը, պատմությունը, իմանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչ ապապգա ունենք», - մասնավորապես ասաց վարչապետը։

«Ուզում եմ, որ  մեր աշակերտները լայնացնեն իրենց մտահորիզոնը։ Իրենց առաջ դնեն մեծ նպատակներ, այնպիսի նպատակներ, որոնք համապատասխանում են աշխարհի մասշտաբներին, եթե ավելի հեռուն գնանք՝ տիեզերական մասշտաբի։

Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե շատ փող ունենալու մասին, այլ նոբելյան մրցանակի մասին։ Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե ոսկիներ ունենալու մասին, այլ ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի օլիմպիական խաղերի ոսկե մեդալի մասին։

Շատ հայտնի մի ասացվածք կա․ Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ։

Եթե ուզում ենք փոխել ինքներս մեզ, պիտի հավատանք աշխարհը փոխելու մեր ընդունակությանը, կամքին։ Եվ այսօր այդ օրն է։ Այս փոքրիկները սեպտեմբերի մեկին դպրոց պիտի մտնեն այդ առաքելության գիտակցմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը բոլորին շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթեց․

«Սեպտեմբերի մեկը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակի օրն է, պարզապես դուք պետք է ուղիղ և վստահ քայլեք՝ վերցնեք այդ հաղթանակը»։

Նույն շարքից