Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը մատնված է հարկադիր պարապուրդի, տնօրինությանը զգուշացվել է, որ այն փակվելու է և բանավոր զգուշացրել են, որ ֆինանսավորում չկա: Մյուս կողմից էլ ասում են շարունակել դասապրոցեսը մինչև կառավարության համապատասխան որոշում լինի:
Այսօր կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում էր և հանդիպեց կոլեկտիվի, ծնողների հետ: Նա նշեց, որ խնդիրը դպրոցի լուծարումը չէ, Հանրակրթության մասին օրենքով Հայաստանն այս տարի անցնում է համընդհանուր ներառման, և գիշերօթիկ դպրոցներ չեն լինելու: Լինելու են կենտրոններ, որտեղ երեխաներին աջակցություն է ցուցաբերվելու:
«Այս պահի դրությամբ կառավարության որոշում չկա, մինչև որոշման լինելը, կարող են շարունակել աշխատանքը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կրթությունից զատ երեխաների սննդի և գիշերակացի խնդիրներին, ապա նա մատնացույց արեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որն, ըստ նրա, պետք է զբաղվի այդ հարցերով:
Ծնողներից մեկը միջամտեց, որ ինքն աշխատում է երեկոյան ժամերին: Հարցին, թե երեխան ինչ է անելու, որտեղ են նրան պահելու, Արշակյանն ասաց. «Ձեր հարցը սոցիալական է: Ձեր երեխան ունի կրթություն ստանալու իրավունք, նախարարությունն ապահովում է»:
Իսկ թե կրթությունից հետո որտեղ է մնալու այդ երեխան և մնացած 170 երեխաները, ովքեր պետք է սնվեն և քնեն, նախարարության պաշտոնյան պատասխաններ չունի. «Այդ հարցը սոցապնախարարության տիրույթում է, կքննարկենք»:
Դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը փորձեց խոսել Աշոտ Արշակյանի հետ, սակայն պաշտոնյան որոշել էր, որ չի լսելու դպրոցի տնօրենին և հեռացավ:
Տիկին Շոլինյանը ներկայացրեց, որ Աշոտ Արշակյանն ասել է` զարմանում է, թե ինքն ինչպես է տնօրեն աշխատում և ինչու է նման դիտարկում արել, քանի որ ամռանը ստացել են ծանուցում, որ դպրոցում փոփոխություններ են սպասվում, նախարարությունը սպասել էր, որ տնօրենն ընդամենն այդ «ծանուցման հիման վրա» պետք է աշխատակիցներին ազատեր աշխատանքից:
«Ես ինչպե՞ս աշխատակցիներին ազատեմ աշխատանքից, ի՞նչ հիմքով»,- հարցնում է նա:
Ահա առանց հիմք չազատելու համար էլ տնօրենի քայլը հարուցել էր Աշոտ Արշակյանի զայրույթը, ում կարծիքով, պետք է հենց ծանուցման հիման վրա ազատեր աշխատանքից:
Տնօրենը նաև նշեց՝ եթե լինի գիշերօթիկը լուծարելու վերաբերյալ կառավարության որոշում, բոլորը պարտավոր են ենթարկվել:
Բացի դրանից, կլինեն կրճատումներ, չեն աշխատելու գիշերային դայակները և այլն:
«Այսինքն՝ բնականոն ընթացք է, որ ներառականության շրջանակներում հատուկ դպրոցներ չի լինելու, դա օգուտ է և՛ պետությանը, և՛ երեխաներին»,- ասաց դպրոցի տնօրենը և նշեց, որ սեպտեմբերի մեկի դրությամբ իրենք սկսել են դասապրոցեսը, սակայն ամսվա վերջում գումար չեն ունենալու անգամ ուսուցիչներին վարձատրելու համար, քանի որ բանավոր հաղորդվել է նախարարությունում, որ չեն ֆինանսավորելու, իսկ դպրոցի աշխատակցիները ֆինանսավորվում են հատուկ դպրոցին բնորոշ եղանակով:
«Ճաշարանը մատնված է անգործության, երեխաներն ի՞նչ են ուտելու, երեխան չի քնելու»,-ասաց նա և հավելեց, որ դասերից հետո երեխաներին ուղարկելու են տուն, որի իրավունքը, որպես հատուկ դպրոց, չունեն, սակայն այլ ելք չկա:
«Դպրոցում առաջացել է հարկադիր պարապուրդ, ֆիանսնավորումը կրթության նախարարությունից է, ասել են, որ չեն ֆինանսավորելու, իսկ ես չունեմ պաշտոնական փաստաթուղթ: Այս պահին ոտնահարված են ոչ միայն երեխաների, այլ նաև աշխատակիցների իրավունքները»,-շեշտեց Մարիամ Շոլինյանը:
Գոհար Ստեփանյան