Իշխանությունների փիառը սկսել է շատ վատ աշխատել։ Պատճառն այն է, որ իշխանությունները շատ մեծ ուշադրություն են դարձնում ֆեյսբուքին, որի դերը հիմա աստիճանաբար թուլանում է։ Նախ հիմա ֆեյսբուքում տեխնիկական փոփոխություններ են տեղի ունենում: Բացի դրանից, կա հոգնեցնելու էֆեկտը, մարդիկ հոգնում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ իշխանությունները չկարողացան համապատասխան ձևով հարմար աշխատեցնել փիառ գործիքները․ «Իսկ մյուս կողմից իհարկե հասարակությունը հոգնել է։ Հասարակությունն այդքան նեգատիվ չի ուզում, նրանք ուզում են, որ չարը պատժելով երկիրը կամաց-կամաց ոտքի կանգնի, ինչը կարծես թե ուշանում է»։
Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն գրառմանը, որում վարչապետը «ներում է շնորհել» գառանը` Ենոքյանն ասել է, որ վարչապետը դրա իրավունքը չուներ․ «Նա առաջարկով պետք է դիմեր նախագահին, նախագահը ներում շնորհեր, եթե սահմանադրությունով նայենք։ Եվ իհարկե, փորձ է արվում որակը փոխարինել քանակով, կամ միգուցե հակառակը: Դրա փոխարեն սկսել է շատ գրառումներ անել, կամ հակառակը` միգուցե շատ գրառումներ է անում որակ չի կարողանում ապահովել։ Եթե համեմատենք մեկ տարի առաջվա դիտումները, հիմա այդ ցուցանիշը կտրուկ իջել է»։