Քաղաքական 

Ինչպես Տեր-Պետրոսյանի ժամանակ, այնպես էլ այսօր փորձ է արվում սեպ խրել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին:

Այսօր լրատվականի հետ զրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորել է բոլորին տոնի կապակցությամբ՝ նշելով սեպտեմբերի 2-ի նշանակության մասին հայ ժողովրդի պատմության մեջ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են երկրորդ նախագահի աջակիցները հավաքվել Եռաբլուրում, ոչ թե գնացել Արցախ, Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանի աջակիցները լայն ներկայացվածություն ունեն Երևանում, առաջարկ է եղել այցելել Եռաբլուր և այն ընդունվել է. «Ցավում եմ, որ նախագահ Քոչարյանը, ով նաև ԼՂՀ անկախության հռչակագրի հեղինակներից մեկն է, այսօր ապօրինի կալանավորված է  քաղաքական հետապնդումների է ենթարկվում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու մասին խոսակցություններին, Սողոմոնյանը նշել է, որ մեկ անգամ դա արդեն արվել է. «1997-98 թվականներին Տեր-Պետրոսյանի ռեժիմը փորձում էր սեպ խրել: Վստահ եմ տեսել եք Վազգեն Սարգսյանի ասուլիսը, որի ընթացքում նա բացահայտ ասում է այդ մասին։ Ցավում եմ, բայց պատմությունը կրկնվեց և այսօր նորից փորձ է արվում սեպ խրել, փորձ է կատարվում նենգաբար հայտարարել՝ թե «մարդասպան ղարաբաղցիները եկան Երևան, գնդակահարեցին մարդկանց»: Նման կեղծ հայտարարություններ են արվում: Ես վստահ եմ, որ չի ստացվելու: Սա հաղթահարելու համար մեծ ջանք ու քաղաքական  կամք է պետք, դա հասկանալի է»:

Նույն շարքից