Փորձ է արվում լարվածության մի մասը Հայաստանից հանել և տեղափոխել Արցախ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ դրա հետ կապված Հայաստանի կողմից եղավ դրամաշնորհների հատկացում Արցախում դիտորդական առաքելություններ իրականացնող ՀԿ-ների համար, ինչը տեղի է ունենում առաջին անգամ․ «Այսինքն, երբեք Հայաստանը կասկածի տակ չի առել Արցախում եղած ընտրությունները, իսկ հիմա Հայաստանը փորձում է լծակներ օգտագործել տեղի ընտրությունները դիտարկելու համար։ Դրա հետ մեկտեղ եղավ ֆեյսբուքային կամ միգուցե մամուլային մենամարտ Վիտալի Բալասանյանի և Հայաստանի իշխանությունների միջև։ Այսպիսի զարգացումներ են ընթանում, և ճակատագիրը դեռևս անհայտ է, որովհետև պարզ չի, թե մինչև ուր կգնան Հայաստանի իշխանությունները և մինչև ուր կդիմադրեն Արցախի ներկայացուցիչերը»։
Քաղաքագետը նշել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը և Արցախի ղեկավարությունն ունեցել են նույն գենեզիսը․ «Հիմա Հայաստանում եկել է մի իշխանություն, որն այդ շարժման բնական շարունակությունը չի։ Իսկ Արցախում մնում են էլի արցախյան շարժման, իշխանության ղեկավարները։ Եվ այս առումով կա ճանաչողական, հայացքների տարբերություն, այսինքն, չկա ամբողջական հարմոնիա այս երկու ղեկավարությունների միջև»։