Հասարակություն 

Վայոց Ձորի մարզպետը վերանշանակել է բուժկետի տնօրենին, որի 11 հոգանոց կոլեկտիվից 5-ն իր ընտանիքի անդամներն են. տնօրենը հակադարձում է՝ նրանք բոլորն էլ մասնագետներ են

Վայոց Ձորի արդեն նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը կրկին մեկ տարով պայմանագիր է կնքել մարզի Շատին համայնքի բուժկետի ղեկավարի հետ, ով, ըստ նրա, հայտնի է իր անօրինություններով: Տոնոյանը մանրամասնել է՝ բուժկետի 11 հոգանոց աշխատակազմից 5-ը տնօրենի ընտանիքի անդամներն են՝ քույրերն ու եղբայրները:

«Ինքը տնօրեն է, քույրը տեղակալն է, մյուս քույրը բուժքույրն է, եղբայրը՝ վարորդն է, մյուս եղբայրն էլ պահակն է, բուժկետն էլ նրանց մոր անունով է կոչվում: Նույն ընտանիքի մարդիկ նույն շենքում են աշխատում, ընդ որում՝ նույն այդ տնօրենը ՀՀԿ-ի ժամանակ կոռուպցիայի մասով մի քանի անգամ դատվել է»,-նշել է մարզպետի նախկին տեղակալը և հավելել, որ այդ ողջ ինֆորմացիան ստուգվել է, բայց այդքանով հանդերձ՝ մարզպետը նրա հետ կրկին պայմանագիր է կնքել այն դեպքում, որ կարող էր հնարավորություն տալ երիտասարդներին:

Շատինի «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի ղեկավար Զոյա Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը. նա նշեց, որ իր քույրերը և մեկ եղբայրը աշխատում են իր ենթակայության տակ, միաժամանակ հարց ուղղեց՝ եթե մարդիկ մասնագետ են, մի տեղ պե՞տք է աշխատեն, թե՞ ոչ, ինչ կապ ունի իր հարազատներն են:

«Իմ ընտանիքի անդամները կարո՞ղ է Ադրբեջանի քաղաքացի են. ասենք, թե իմ բարեկամն է՝ քույրս է, եղբայրս է, ՀՀ քաղաքացի է չէ՞: Ինքը կեղծ փաստաթղթով իրավունք ունե՞ր դառնար մարզպետի տեղակալ, ըստ լուրերի՝ ընդհանրապես կրթություն չունենալով կարո՞ղ էր»,- նախկին փոխմարզպետի հայտարարություններին հակադարձեց Մարտիրոսյանը:

Բուժկետի տնօրենը նշեց, որ ինքը թվով երկու, իր խոսքով՝ փայլուն քննություն է հանձնել, և ընդամենը մեկ տարով են իր հետ պայմանագիր կնքել: «Ի՞նչ եմ արել, որ պետք է չկնքեր: Աշխատող եմ ունեցել, բայց 25 000 դրամով չի աշխատել, իսկ իմ ընտանիքն այդ դժվարությունների միջով անցել է: Ավերակը կառուցել ենք, հիմա իրավունք չունե՞ն իրենց մասնագիտությամբ աշխատեն: Ո՞վ իրավունք ունի ինձ մեղադրելու, ինչի՞ հիման վրա: Տոնոյանը պրծել ա, Ռազմիկ Տոնոյան չկա հիմա, այս իշխանության համար նա մարած էջ է»,-ասաց նա:

Անդրադառնալով քրոջը, ով իր տեղակալն է, Զոյա Մարտիրոսյանը նշեց, որ այո, նա իր հարազատ քույրն է, ապրում է Քարագլխում, ամուսնացել է քարագլխեցու հետ, ունի բժշկի բարձրագույն կրթություն. «Այո, նա աշխատում է ինձ հետ: Ռազմիկ Տոնոյանը երևի չէր ծնվել, որ իմ քույրը պետական բժշկական ինստիտուտն ավարտեց փայլուն գիտելիքով. ջերմ վերաբերմունք, հարգանք, վստահություն է վայելում, բա որտե՞ղ գնա աշխատի: 91թ. որ ես աշխատել եմ, Ռազմիկ Տոնոյանը որտե՞ղ է եղել: Ես այնքան մեծ հեղափոխություն եմ արել այս ձորի մեջ առողջապահությունը պահելու համար»:

Զոյա Մարտիրոսյանը նշեց, որ իր մյուս քույրն էլ բուժկետում բուժքույր է. «Եթե ապրում է Շատին գյուղում, ունի բուժքույրական կրթություն, պահում է մեկ երեխա, միայնակ մայր է, ապրում է վարձով, ՀՀ քաղաքացիություն ունի, մարդը օրինական դիմում է աշխատանքի ընդունվելու, տալիս է բժշկական փաստաթղթերը, ընդունվում է աշխատանքի, ի՞նչ կա դրա մեջ՝ մարդիկ կրթություն ունեն, իրենց ծննդավայրում աշխատում են»:

Բուժկետի ղեկավարը, խոսելով եղբոր մասին, հաստատեց՝ այո, նա ևս աշխատում է իր մոտ, քանի որ ունի առաջին կարգի վարորդական իրավունք. «Տարածաշրջանում ոչ մեկ չունի, ունեցել է նաև մեկ մարդ, որն աշխատել է և աշխատավարձի քիչ լինելու պատճառով հրաժարվել է այդ աշխատավարձից: Հետո եղբայրս է ունեցել այդ  թույլտվությունը, որ իրավունք ունի «ՈւԱԶ» մակնիշի մեքենա քշելու, շտապօգնության մեքենա քշելու. եթե կգտնեն այդ ձորում երկրորդ վարորդը, որ ունի այդ թույլտվությունը, ես եղբորս կազատեմ ու նրան կընդունեմ»:

Ինչ վերաբերում է երկրորդ եղբորը, ով ըստ Տոնոյանի՝ բուժկետում պահակ է, Զոյա Մարտիրոսյանը հակիրճ պատասխանեց՝ իրենք պահակ չունեն: Նա հավաստիացրեց, որ ինքը Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ առանձնահատուկ հարաբերություններ չունի:

«Ես մարզպետին ընդհանրապես չեմ ճանաչում, նա երեկ է եկել, իսկ իմ կոլեկտիվը ձևավորված է եղել, աշխատել է, ամեն սպասարկում տեղը-տեղին ապահովում է, գիշեր-ցերեկ աշխատում է իմ կոլեկտիվը, իմ ժողովուրդն էլ հարգանքով ու վստահությամբ է վերաբերվում: Բժշկուհի Զոյան ցանկացած իրավիճակում, ցանկացած բնակչի մոտ սպասված ու հարգված է, նույնը՝ բժշկուհի Տանյան, բուժքույրերը և բոլոր աշխատակազմը: Էլ հիմա ինչու՞ է  Ռազմիկ Տոնոյանն իրեն ծեփում էս պատից էն պատ: Օրենք կա, գնացեք ուսումնասիրեք, տեսեք իրավունք ունե՞ն իմ ընտանիքի անդամները աշխատեն, թե՞ ոչ: Եթե նյութական պատասխանատուներ լինեին, կասեի, որ այո, բայց եթե մարդիկ աշխատում են ըստ իրենց մասնագիտությունների, դուք իրավունք չունեիք ինձ անհանգստացնել»,-ասաց նա և հավելեց, որ իր քույրը ֆինանսների գծով փոխտնօրեն չէ, այլ բուժական գծով: Նա նաև հրաժարվեց նշել, թե ինչքան բյուջե ունեն:

Ի դեպ, նա նշեց, որ այս ընթացքում իրենք որևէ նոր դիմում չեն ստացել բուժկետում աշխատելու համար. «Երբևիցե դիմում չկա, որ ասեն, որ նոր եմ ավարտել, ուզում եմ գամ հեղափոխություն անեմ, մենք էլ ասենք՝ ոչ»:

Աղբյուրը ՝ tert.am

Նույն շարքից