Հասարակություն 

Գյուղացիները կապվել են արջի հետ, մի տեսակ կարոտում են. Ո՞ւր է անհետացել Արփի այցելող արջը

«Արջը չի երևում, բայց ամեն ինչ պատրաստ է արջին բռնելու համար»,-Analitik.am-ին հայտնեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Հիշեցնենք, որ ամռանը Վայոց ձորի մարզի Արփի համայնք էր «այցելում» տարածքում բնակվող արջը, որը վնաս էր հասցնում գյուղի բնակիչներին` տանում էր հավ, նապաստակ: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները թակարդներ էին լարել, որպեսզի արջին բռնեն` անվտանգ տարածք տեղափոխելու համար, սակայն թակարդներ դնելուց հետո արջն անհետացել է:

«Դժվար է ասել, թե ինչու անհետացավ, միգուցե դեռ երևա, հիմա բերքը շատ է, հնարավոր է` ուտելիք ունի, դրա համար չի գալիս»,- ասաց Կարեն Մանվելյանը:

Արփի համայնքի ղեկավար Գագիկ Հովսեփյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս արջը չի երևացել, ենթադրում է, որ բնակվելու և սննդի տեղ է գտել: Ըստ նրա, գյուղում նաև խոսակցություններ են պտտվում, որ արջին գուցե սպանած լինեն, քանի որ թակարդներով արջին բռնելու խոսակցություններից հետո կենդանին անհետացավ, ինչը գյուղի բնակիչների համար զարմանալի էր:

«Եթե արջին խփեին, կիմանայինք»,-շեշտեց Հովսեփյանը՝ հավելելով, որ երկաթե ճաղերով վանդակ էին պատրաստել, որպեսզի կարողանան բռնել արջին, սակայն կենդանին չի երևում:

«Կենդանին նեղվում էր, գյուղամերձ հատվածներում մեծ արջեր կային, չէին թողել երևի իրենց տարածքում մնա, այդ պատճառով գյուղում էր տեղ գտել: Ոչ հեռու անտառ կա, այն հրդեհվեց, հրդեհից հետո այդ արջը երևաց մեր կողմերում: Կապվել էինք արջի հետ, մի տեսակ կարոտում ենք»,-ասաց նա:

Գագիկ Հովսեփյանը հույս հայտնեց, որ արջին որևէ վատ բան չի պատահել, այլ կենդանին սննդի և թաքստոցի տեղ է գտել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից