Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ է, որ իր այսօրվա ասուլիսը «տապալած» Գևորգ Թամամյանը գործել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղորդմամբ:
Խոսելով այս մասին՝ Factor.am-ի եթերում ռեկտոր Մուրադյանը, ով նաև Առողջապահության նախարար է եղել, հայտարարել է, որ բարձրագույն պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի հանգիստ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի. «Գևորգ Թամամյանը պայծառ, ազատամիտ, ճշմարտախոս, բացառիկ բժիշկ է, ով իր ձևավորված կարծիքն ունի և երբևէ չի կարող այլոց կարծիքով կարծիքներ ձևավորել»:
Մուրադյանի կարծիքով, պետք չէ բոլորին համատեղ վիրավորել, ուղղակի պետք է քննադատություններն ավելի ադեկվատ լսել. «Կարծում եմ, որ այստեղ ադեկվատության խնդիր կա»:
«Ես կարծում եմ, որ Գևորգ Թամամյանի և առհասարակ վերջին իրադարձությունները վկայում են միայն ճիշտ գնահատականների, ճշմարտության, ստաբուժությանը ոչ ասելու մասին: Արմեն Տանանյանը՝ իմ ընկերը, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, մեր ամենաարդյունավետ աշխատողներից է: Նա վերջին 5 տարում անհավանական աշխատանք է տարել ուռուցքաբանության կենտրոնում»,-ասաց Մուրադյանը՝ խոսելով Տանանյանի պաշտոնանակության մասին և ափսոսանք հայտնելով, որ անվանի վիրաբույժներ այսօր թողեցին բժշկությունը. «Բայց նաև հպարտանում եմ, որ նրանք խիզախություն ունեցան ու կանգնեցին իրեն ընկերոջ կողքին»։