Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ներկայացված էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից հեղինակած «Ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի» համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին հարցը, որը մինչ այդ մերժել էր կառավարությունը:
Analitik.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ քննարկումն անցել է անպտուղ և քանի որ մեծամասնություն էին կազմում օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորները, առաջարկությունը մերժվել է:
Գևորգ Պետրսյանը հայտնեց, որ պատգամավորները մատնացույց են արել, թե քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, սակայն իրականում ՀՀ քրեական օրենսգրքում նման հոդված չկա. «Կա անառակաբարո գործողությունների համար, պոռնոգորաֆիկ նյութեր տարածելու համար, սակայն 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի համար քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմ չկա»,- ասաց նա:
ԲՀԿ պատգամավոր նշեց նաև, որ շարունակելու է առաջ տանել այս հարցը, հարցը նաև պետական անվտանգության խնդիր է և եթե երկիրը լցվի նման մարդկանցով և նման մտածելակերպ ունեցողներով, մենք պետք է կարողանանք անառիկ պահել մեր երկիրը:
Հարցին, թե ինչու են հատկապես վերջին շրջանում ակտիվացել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձինք, Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ իրենց անպատժելի են զգում, ՀՀ քրեական օրենսգրքում նման քարոզի համար նախատեսված հոդված չկա, բացի այդ «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը հակաքրիստոնեական է»:
Ըստ Պետրոսյանի, ԱԺ-ն պարզապես հետևեց կառավարության օրինակին և մերժեց օրինագիծը. «Հետո էլ ասում են, որ Ազգային ժողովը չի հետևում կառավարության թելադրանքին»:
Գոհար Ստեփանյան