Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իր երկրի համար Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է իր սահմանների մոտ: Ժամանակին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարում էր, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, քանի որ այն սպառնում է դառնալ հերթական Չեռնոբիլ: Նաև Թուրքիայից հայտարարում էին, թե դիմելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որը հայտարարել էր Հայաստանի ատոմակայանի հարցով ծավալուն ռևիզիա անցկացնելու մասին: Այս հարցով Թուրքիան ոչ մեկ անգամ էր դիմել Եվրոմիություն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն: Թուրքիայի պահվածքը Հայաստանի համար զարմանալի չէ՝ հաշվի առնելով մեր պատմությունը՝ անցյալը, ներկան, ինչու չէ, նաև ապագան:
Հայաստանի համար Ատոմակայանը ոչ միայն էներգիայի աղբյուր է, այն նաև անփոխարինելի պաշտպանական միջոց է, որքան էլ դաժան լինի, բայց փաստ է: Բացի Հայաստանից, ովքեր են պահանջում ներկայումս փակել ատոմակայանը և զարգացնել այլընտրանքային էներգետիկան: Պարզվում է՝ վերջերս քննարկում է եղել Երևանում` նվիրված Ատոմակայանի խնդիրներին: Քննարկումից պարզ է, որ դրսի ուժեր աշխատում են այն ուղղությամբ, որ փակեն ատոմակայանը, և զարգանա այլընտրանքային էներգետիկան: Ներկայացվում են նաև Ատոմակայանի գործարկման շարունակության «ռիսկերը»:
Ի դեպ, արդեն փաստ է, որ այլընտրանքային էներգետիկայի փոքր ՀԷԿ-ն ապականել են Հայաստանի բնությունը, աղքատացրել են տարածքում ապրող բնակչությանը, դարձել են ոռոգման ջրի նվազման պատճառ, արտագաղթի շարժառիթ, էլէներգիայի թանկացման հիմք և այլն: Այսպես կարելի է շարունակել:
Այժմ էլ արևային, քամու էներգետիկան է սպառնում փորձանք դառնալ երկրին, հիմնելու համար քամու և արևային կայաններ՝ ոչնչացվում են գյուղնշանակության հողատարածքները և տարածքի հողը վաղ թե ուշ դառնալու է մեռյալ տարածք՝ դա հարյուրավոր հեկտարներով և այն էլ մեր սակավահող երկրում:
Կարճ ասած, այլընտրանքային էներգետիկա կոչվածն ապականելու է երկիրն այնպես, ինչպես՝ ՓՀԷԿ-երի դեպքում:
Ակնհայտ է, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը ֆինանսավորողները նպատակ են դրել փակելու Ատոմակայանը: Մի կողմից կապականվի երկիրը, մյուս կողմից կփակվի ոմանց կոկորդին կանգնած Ատոմակայանը, և Հայաստանը կզրկվի պաշտպանական վահանից, երկիրը կընկնի էլ ավելի ծանր վարկային ու պարտքային բեռի տակ:
Ի դեպ, նաև հետաքրքիր է, թե ովքեր են հսկայական արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրում՝ զարգացնելու Հայաստանում այլընտրանքային էներգետիկան:
Վերադառնանք Հայաստանում Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու մտայնությանը:
Ի դեպ, Մաքուր Զարգացման Մեխանիզմների ներքո իրականացված Փոքր ՀԷԿ-երի նախագծերը, որպեսզի եվրոպական բանկերից վարկ վերցնեն, նախագծում հիմնավորել են, որ Փոքր ՀԷԿ-երը պետք է զարգանան, քանի որ Ատոմակայանը վտանգավոր է և պետք է փակվի: ՄԶՄ Փոքր ՀԷԿ-երի նախագծերը ենթարկվել են փորձաքննության ՀՀ ԲՆ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանի կողմից, որը հանդիսանում էր Կիոտոյի Արձանագրության լիազոր ազգային մարմնի կոնտակտային անձը: Նախագծերը ևս ստացել են հավաստիացնող նամակներ ՀՀ ԲՆ նախարարի և փոխնախարարի կողմից:
Վերջին քննարկմանը ևս, որ կազմակերպել էր «էկոլուր» ՀԿ-ն, խոսքը հենց Ատոմակայանի փակման շուրջ էր:
Ինչո՞ւ են հայկական կառույցները հակված Ատոմակայանի փակմանը: Սա լավ հարց և պետք է համապատասխան կառույցները այդ հարցը տան՝ ինչո՞ւ եք ջուր լցնում Թուրքիայի ջրաղացին:
Գոհար Ստեփանյան