Հասարակություն 

Խորհրդարանում «ինտիմ» հարցեր էին քննարկում. Պատգամավորները չկարողացան զսպել ծիծաղը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում են մերսման սրահների մասին նախագիծը, որը հեղինակել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Մելքումյանի խոսքերով, նախագծով նախ առաջարկվում է մերսման սրահը սահմանել որպես սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ արգելելով դրա տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքում, կրթական և պատմամշակութային նշանակության շենքերի, վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքում, ինչպես նաև ամրագրել թույլտվություն ստանալու պահանջ:

Պատգամավորը նշեց, որ ոլորտը հիմա կարգավորված չէ, ով որտեղ ուզում է տարածք է վարձում, գրում «մերսման սրահ» և անհասկանալի գործողություններով զբաղվում:

ԲՀԿ-ն առաջարկում է կարգավորել հարցը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ հարցը վերաբերում է ոչ թե մերսման սրահներին, այլ դրանց այլասերման գաղափարին:

Բագրատյանը նշեց, որ բացառություն է կազմելու բուժական մերսումը:

Թունյանն իր հերթին պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է հաճույք ստանալու մերսմանը. «Բայց պարոն Բագրատյան, ինչպե՞ս ենք տարանջատելու, կարող ա համ հաճույք ա ստանում, համ առողջություն»,-ասաց Թունյանը, ինչից հետո քննարկման մասնակիցները չկարողացան զսպել իրենց ծիծաղը:

Բագրատյանը նշեց, որ իրենք չեն արգելում մերսման սրահների գործունեությունը, ուղղակի նշում են, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է որոշեն դրանց տեղակայման վայրը:

Կառավարությունը քննարկել է նախագիծը և ունի իր առաջարկությունները, ինչի մասին հնչեցրեց գործադիրի ներկայացուցիչը՝ հավելելով, որ հստակեցումների անհրաժեշտություններ կան:

Օրենքի նախագծի հետագա քննարկման ընթացքում եղան նաև նոր ձևակերպումներ, որոնք առաջացրեցին ներկաների ծիծաղը. «Սա լավ օրենք էր, ծանր օրակարգն ավելի հանգիստ է դարձնում»,-կատակեց Թունյանը:

Նախագծի հեղինակ Բագրատյանն ընդունել է կառավարության առաջարկը, կողմերը եկել են կոնսենսուսի:

Նախագծի լրամշակված տարբերակն ընդունվեց հանձնաժողովում:

Նույն շարքից