Հասարակություն 

ՀՀ քաղաքացիներին հարկադիր վերադարձնում են Հայաստան. Նրանք մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում. «168 ժամ»

«168 ժամը» թերթը գրում է. «ԵՄ անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձ  հարկադիր կվերադարձվի Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։

Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձի վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35 և այլն։

Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:

Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։

Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել և այլն։ Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ»:

 

Նույն շարքից