Բարի օր Տնտեսություն 

Գագիկ Ծառուկյանն ապօրինի ցեմենտի արտադրամաս է կառուցո՞ւմ

analitik.am

 

Այսօր Կապանում տեղի են ունենալու հանրային լսումներ՝ կապված քաղաքում արդեն կառուցված ցեմենտի արտադրամասի շուրջ:

Analitik.am-ի հետ զրույցում «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանը նշեց, որ այսօր Կապանում տեղի է ունենալու Ցեմենտի գործարանի հարցով հանրային լսումները, սակայն դրանք չեն արտահայտում ամբողջապես հանրության կարծիքը:

«Զանգով քաղաքացիներ են հրավիրվում կամ ՀԿ-ներ: Ուղղակի օրենքի պահանջն է, որ պետք է կատարվի»,- ասաց նա` հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի արտադրամասը կիսակառույց վիճակում է, դրսից տեսանելի են բունկերները, կցակառույցները, իսկ ավարտվա՞ծ է շինարարությունը, թե` ոչ, չգիտեր:

«Շինգործընթացը սկսվել է մեկ-երկու տարի առաջ, անցած տարվա հայտնի իրադարձություններից հետո գործընթացը սառեցվեց, երևի սպասում էին ավելի հանդարտ ժամանակների, որ ավարտեին: Շինարարությունն արվել է մինչև օրինական թույլտվություն ստանալը` առանց այդ ընթացակարգերն անցնելու, որի պատճառով քրեական գործ էր հարուցված»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Ըստ նրա, այսօր տեղի է ունենում 4-րդ լսումը, երկու լսում տապալվել է, երրորդը տեղի է ունեցել պայմանով, որ պետք է հանրության կարծիքը հաշվի առնեն:

Դրանից 4-5 ամիս է անցել, այսօր նորից լսումներ են անում, որ վերջնական թույլտվություն ունենան շարունակելու աշխատանքը:

Դ. Հակոբյանը գտնում է, որ Սյունիքի զարգացումը ոչ թե պետք է ընթանա հանքահումքային կցորդի կարգավիճակով, այլ պետք է զարգացվեն այլ ճյուղեր` գուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները:

Կարելի է օրինակ ալյումինե թիթեղներ բերել Իրանից և արտադրություն հիմնել, ալյումինե իրեր արտադրել. պետք է քաղաքականություն մշակվի, որտեղ հստակ կարտահայտվի Կապանի զարգացման ապագան: Բացի դրանից, նրա խոսքով, ցեմենտի արտադրամասը գտնվում է Կապանի օդանավակայանից ոչ հեռու, որը ևս խնդիր է: Թեև քրեական գործ է հարուցված, սակայն արտադրամասը գոյություն ունի:

«Մեր տառապանքը փորձ ունի: Խոսքը միայն ցեմենտին չի վերաբերում: Փաստացի ասում են մեկ բան, անում են մեկ այլ բան: Նախորդ անգամ մասնագետներ էին բերել, որոնք մասնագիտորեն ասում էին` այսքան տոկոս և այլն: Հարցը տոկոսների մեջ չէ, չենք հավատում»,- շեշտեց Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ ցեմենտի փոշին միևնույնն է նստելու է Կապանի վրա` էլ ավելի խորացնելով բնապահպանական խնդիրները:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ցեմենտի արտադրամասն արդեն կառուցված-ավարտված է, իսկ հանրային լսումները շրջակա միջավայրի գնահատման հետ է կապված: Եթե հանրային լսումներին բացասական եզրակացություն տրվի, ցեմենտի արտադրամասը չի աշխատելու:

Ըստ քաղաքապետի, ցեմենտի արտադրամասն աղացման համար է նախատեսված. Իրանից ներկրվելու է հումք, աղալու են արտադրամասում, սակայն արտադրամասը գտնվում է Կապանի օդանավակայանից ոչ հեռու, որը մտահոգիչ է:

«Ես առաջարկել եմ տեղափոխել, հենց Կապանի տարածաշրջանում: Օդանավակայանից հեռու մենք ունենք հարմար տարածքներ, դեռ չեն պատասխանել, այսօր պարզ կլինի»,- ասաց Գևորգ Փարսյանը:

Ըստ նրա, պետք է նկատի ունենալ նաև այն արդյո՞ք ցեմենտի արտադրամասի աշխատանքը բխում է համայնքի շահերից, թե` ոչ:

Ի դեպ, նա հավելեց, որ ցեմենտի արտադրամասի շինարարությունն ապօրինի է, որևէ շինթույլտվություն չկա, որի համար վարչական վարույթ է հարուցվել, որը բողոքարկվել է:

«Որևէ շինթույլտվություն չկա»,- շեշտեց Կապանի քաղաքապետը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից