Համաձայն եմ, որ հասարակությունը սպասում է որոշման, բայց քանի դեռ որոշումը վերջնական չէ, չեմ կարող ասել, թե որոնք կլինեն գրործողությունները: Կարող եմ միայն ասել, որ քննարկումները շարունակվում են, և առաջիկայում պատկան գերատեսչությունները կանդրադառնան այս հարցին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ամուլսարի հանքի մասով նոր ՇՄԱԳ լինելու է:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը երեկ պետք է ներկայացներ վերոնշյալ հարցով իր եզրակացությունը: Նույն Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ այն ներկայացվել է, սակայն հրապարակում չեղավ:
Հարցին, թե Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին խոսել է արդյո՞ք, Կարապետյանը լրագրողներին ասաց, որ վարչապետը հանձնարարել էր նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ, նախարարը զեկուցել է իր մոտեցումները: Կարապետյանն ասաց, որ նախարարը տարբեր մոտեցումներ է ներկայացրել, որքան հնարավոր է անդրադառնալ դրան, իրենք անդրադարձել են:
Վարչապետի խոսնակը նշեց, թե ինքը չի պնդել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ասել է, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա:
Հարցին՝ ի վերջո երբ է նախարարությունն իր պատասխանը տալու նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության լինել կամ չլինելու մասին, Կարապետյանն ասաց, որ դա նախարարությունը կասի. «Նախարարը զեկուցել է, վարչապետի հանձնարարականը կատարել է, քննարկումները շարունակվում են, երբ վերջնական որոշում լինի, կասենք»: