Լուրջ չեմ համարում: Առհասարակ, եթե նայեք դուրս և տեսնեք՝ ինչ է կատարվում... ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքի: Իրականում, այդքան էլ չունի աջակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Էական չէ, թե քանի մարդ է հավաքում ընդդիմությունը հիմա, կամ քանիսին կհավաքի վաղը, կարևորն արձանագրումն է, որ վարչապետի խոսնակը, կարծես, սկսել է տառապել, կամ միշտ է տառապել «հանրապետականի սինդրոմով»:
Հայաստանում վերջին հայտնի փոփոխություններն այնքան էլ վաղուց չեն եղել և բոլորի հիշողության մեջ թարմ է այն, ինչ տեղի ունեցավ: Իշխանափոխությունից առաջ ու նույնիսկ դրա ընթացքում նախկին իշխանությունների ներկայացուցիչներն առնվազն հայտարարությունների մակարդակով խիստ թերագնահատում էին ընդդիմությանը, ինչը, անկասկած, ունեցավ իր դերակատարումը տեղի ունեցած փոփոխություններում:
Որևէ մեկը չի ասում, թե այսօր հնարավոր են նմանատիպ փոփոխություններ, քանի որ վարչապետի վարկանիշը դեռ չի իջել այդ մակարդակի: Սակայն, եթե ժամանակի ընթացքում, տրամաբանական պատճառներով, վարչապետի վարկանիշն իջնի, իսկ նրա խոսնակի տրամաբանությունը պահպանվի ու ոչ միայն նրա մոտ, զարգացումների հետագա ընթացքը կանխագուշակելը բարդ չի լինի: