Հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ նիստի անցկացման որոշումը կայացվել է կոնսենսուսով: Բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում` Վլադիմիր Պուտինը, կմասնակցեն: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, թե ըստ խոսակցությունների, Պուտինի այցը դեռ հաստատված չէ, Քոչարյանը նշեց, որ հենց անդամ երկրների ղեկավարներն են որոշումը կայացրել. «Նա հյուր չէ: Այլ բան է, որ հրավիրված է: Այդ բարձրագույն խորհրդի նիստից բացի, մեզ մոտ լինելու է նաև կոնֆերանս, հրավիրված են այլ երկրների ղեկավարներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Մոլդովայի ղեկավարին, Իրանի նախագահին»:
Քոչարյանը հայտնեց, որ վերջերս ծանուցում են ստացել Իրանից, որ Թեհրանն ավարտել է վավերացման գործընթացը, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին պայմանագիրը սկսելու է գործել. «Հրավիրվել է նաև Սինգապուրի վարչապետը: Իհարկե մենք աշխատանք ունենք տանելու այն համաձայնագրի մասով, որը պետք է կնքվի ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև: Հայաստանում մենք արագացնում ենք գործընթացը: Հույս ունենք, որ մյուսներն էլ կհասցնեն և Երևանում հնարավոր կլինի ստորագրել համաձայնագիրը»: