Հասարակություն 

Կան արդյո՞ք պատժված կալանավորներ ի աջակցություն «զոն նայողների» սկսված բունտի արդյունքում

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։

Նա նաև նշել էր, որ իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո․ «Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,-գրել էր նախարարը։

Ըստ որոշ լրատվականների տարածած տեղեկությունների էլ, կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կին աշխատակիցներին շուտ տուն են ուղարկել և անցել ուժեղացված ծառայության։

Հայտնվում էր նաև, որ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում ևս լարված իրավիճակ է։

Analitik.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ այս հարցում որևէ նոր բան չկա․«Ամեն ինչ վերահսկողության ներքո է, անհնազանդություններ չկան։ Մեր կայքում տեղադրել ենք այդ մասին հայտարարությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

Հարցին` արդյո՞ք իրականացված գործողությունների արդյունքում կան պատժված կալանավորներ, Նավիկյանն ասաց, որ  ավելին չի կարող ասել։

Ավելի վաղ Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ։

 

Նույն շարքից