Թուրքիայի հետ հարաբերություններում, դժբախտաբար պետք է ասեմ, որ կա իրավիճակ, երբ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին. «Դա իրողություն է Ցյուրիխի գործընթացի մերժման, դա իրողություն է շարունակական բլոկադայի, դա իրողություն է ԼՂ հակամարտության հարցում կողմնակալության, իրողություն է շարունակական ցեղասպանության ժխտման հարցում, որն առավել ցավոտ արտահայտություն ստացավ այդ երկրի նախագահի կողմից ապրիլի 24-ին տեղի ունեցածն արդարացնելով»:
Մնացականյանի խոսքերով, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն այդ առումով դեռևս չի կարելի ասել, որ գործընթացն առաջ է գնում. «Գործընթացը ենթադրում է երկկողմանի քայլեր: Այդ առումով չեմ կարող ասել, որ լավ լուրեր ունենք»: