Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով այն մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնի հանդիպել անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ասաց, որ «եթե»-ի կենտեքստը որևէ ձևով իրեն չի հրապուրում մեկնաբանելու, թե ինչ կլինի. «Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին, և վստահ եմ, որ այն անցկացնելու ենք շատ արդյունավետ: Վստահ եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն այդ գագաթնաժողովի արդյունքում միայն շահելու են: Մեր մոտեցումն ու նպատակը դա է»:
ԱԳ նախարարն ասաց, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կա հստակ ձևավորված օրակարգ և երկու կողմերի հստակ ցանկությունը՝ խորացնելու հարաբերությունները։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հոկտեմբերին Հայաստան ժամանող Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: