Այսօր` սեպտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսեց նաև Գերմանիայից ՀՀ քաղաքացիներին արտաքսելու մասին: Մնացականյանը մասնավորապես նշեց, որ գոյություն ունի ռեադմիսիայի համակարգ, Հայաստանը չի նպաստելու, չի խրախուսելու անօրինական միգրացիան. «Ընտրություն ենք անելու` կամ ուզում ենք կանոնավոր, դյուրացված, առանց արտոնագրերի ռեժիմ, կամ ուզում ենք անօրինական միգրացիա: Դրանք հակասում են իրար»:
Մնացականյանի խոսքերով, հնարավոր չէ ունենալ երկուսը միասին. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է դա իրականացվում, բնականաբար գերմանական կողմը նույնպես կպատասխանի, բայց մենք գիտենք, որ մինչ արտաքսելը հնարավորություն է տրվում արտաքսման ենթական քաղաքացիներին ինքնակամ վերադառնալ իրենց երկրներ: Եթե գրավոր տեղեկություններին արձագանք չի լինում, կամ քայլեր չեն ձեռնարկվում փախստականի կարգավիճակ ստանալու դիմորդների կողմից, միայն այն պահից հետո, երբ իրավական բոլոր գործընթացներն ավարտված են համարվում, իրականացվում է վերջին ճանապարհը` արտաքսում»:
Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցողներին, Մնացականյանը նշեց` եթե բուժումն այնպիսին է, որ չի կարող իրականացվել արտաքսվող քաղաքացիների երկրներում և Գերմանիան, հումանիտար նկատառումներից ելնելով, պետք է նրանց պահի իր երկրում, կամ առկա է համապատասխան եզրակացություն, որ ճամփորդել չի կարելի, արտաքսում չի իրականացվում. «Եթե բոլոր նշված դեպքերն առկա չեն կամ սպառված են, գերմանական իշխանություններն իրականացնում են արտաքսման գործընթացը: Ինձ տեղեկացրել են, որ ամեն ինչ այսպես է իրականացվում:
Բայց ես չեմ ուզում լինել գերմանական կողմի խոսնակը: Հարցը վերաբերում է մարդկային կյանքերին, ճակատագրերին: Ես չեմ կարող ասել, թե որքանով են բոլոր պայմանները պահպանվում: Մի բան հստակ է, որ մենք չենք կարող աջակցել անօրինական միգրացիային: Մեզ համար մեծ նշանակություն ունի ՀՀ քաղաղաքացիների հնարավորությունը` ընդլայնելու, խորացնելու մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ»: