Այսօր մեր պետականության, ժողովրդի գլխին կախված ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման և նման հարաբերությունների վտանգն է: Այն կանխելու նպատակով մեր խմբակցությունը հեղինակել է նախագիծ, որով առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել՝ հայտարարելով, որ պարզ չէ, թե ինչ ասել է «ոչ ավանդական սեռական կողմնորոշում». «Կներեք, այստեղ մարդ կա՞, ով չի հասկանում «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը»: Բացի դրանից, կառավարությունն ասում է, որ այդ հանցակազմն արդեն կա քրեական օրենսգրքում: Խոսքը վերաբերում է այն հոդվածին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, և հոդվածին, որը վերաբերում է պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու համար: Կներեք էլի ընկերներ, կառավարությունը նույնացնո՞ւմ է դրանք: Եթե դա այդպես է, ուրեմն շատ լավ է»:
Նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովում և լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելու համար պետք է ստանար պատգամավորների մեծ մասի դրական քվեարկությունը:
Քվեարկության արդյունքում նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց: