Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել հանրության շրջանում առկա անհանգստությունները: Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաև Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունների հետ: Տնտեսական հանրության անհանգստությունն արտահայտվում է հետևյալ կերպ. Ինչպես գիտեք, վերջերս Մուդիսը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն և ՀՀ մասնավոր կազմակերպությունները կարող են ավելի էժան ֆինանսական միջոցներ ներգրավել:
Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են՝ եթե այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք կարող ենք զգալ այդ թվում նաև մեր կողմից ստացվող վարկերի տոկոսների արժեքի տրամաբանությամբ»:
Վարչապետի խոսքերով, կա նաև հետևյալ խնդիրը, որն ահագնանում է նույն կերպ. «Եթե մենք ենթադրենք ասում ենք, որ ուղղակի թույլ չենք տալիս շահագործել Ամուլսարի հանքը, շատ պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, բնապահպանական մտավախություններից ելնելո՞վ, այո, իհարկե: Ծագում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ եք թույլ տալիս մյուս հանքերի շահագործումը, արդյո՞ք դրանք համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին և բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում: Այստեղ մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն լուրչջ խնդիր, եթե պարզվի, որ ցուցաբերում ենք խտրական մոտեցում: Մենք չենք կարող արհամարհել նաև մեր երկրի տնտեսության անվտանգության, արտաքին անվտանգության, ուղղակի անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն Ամուլսարի հարցը քննարկելիս: Ես հիմա չեմ կարող այս հարցի վերաբերյալ ավելի մանրամասն խոսել: Չնայած եթե յուրաքանչյուրն իր վերլուծություններ անի, կհասկանա, թե ես ինչ եմ ասում»։
Փաշինյանը նշեց, թե Լիդիան ընկերությունը հավաստիացրել է, որ բացի հանքի շահագործման տարածքից, շահագործումը որևէ ազդեցություն չի ունենալու շրջակա միջավայրի վրա․ «Անկախ ամեն ինչից ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունն ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար: Ցանկացած պահի մենք կարող ենք ստուգում անել, և երբ որևէ խախտում արձանագրվի, կառավարությունը քայլեր անելու իրավունք ունի, ունի բոլոր լծակները»,-ասաց Փաշինյանը: