Քաղաքական 

Մենք, որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումն Ամուլսարի հարցում. Լիլիթ Մակունց

Ամուլսարի հարցի որոշումը խորհրդարանի տիրույթում չէ, սակայն մենք, որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բացել դեպի հանք տանող ճանապարհը:

Մակունցը, խոսելով Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի մասին, հիշեցրեց վերջինիս խոսքերն այն մասին, որ Հայաստանը պետք է գործի միայն որպես իրավական պետություն՝ միևնույն ժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնել բնակիչների տեսակետն ու բնապահպանական խնդիրները:

«Այս փուլում նախ խնդիր է դրվում, որ տեսչական մարմինը սկսի գործողությունները: Բացի դրանից, այս փուլում խոսքը վերաբերում է ոչ թե հանքի շահագործմանը, այլ շինարարական աշխատանքներին: Ընդ որում, ընդգծվեց, որ անգամ շինարարական աշխատանքների ժամանակ որևէ խախտման դեպքում 90 օրում պետք է վերացվեն շեղումները, հակառակ դեպքում հանքում բոլոր գործողությոնները կդադարեցվեն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է»:

Դիտարկմանը, ընդդիմությունն արդեն հայտարարել է, թե պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, և հարցին` ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ իշխանությունը չի կանգնելու ժողովրդի կողքին, Մակունցը կոչ արեց չբաժանել քաղաքաակն ուժերին «ժողովրդի հետ» և «ժողովրդի դեմ». «Վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին և այստեղ կարիք չկա բաժանելու ժողովրդի կողմ, ժողովրդի դեմ»:

Նույն շարքից