Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Միքայել Մինասյան. մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է. 168.am (տեսանյութ)

analitik.am

Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասել է Մինասյանը:

Ըստ դեսպան Մինասյանի, Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, որովհետև ընդդիմության հիմքում ռևանշիզմն է:

«Կա իշխանություն, որը պայքարում էր իշխանություն դառնալու համար, բայց չի ուզում դառնալ իշխանություն, մնում է ընդդիմություն և ընդդիմություն-իշխանություն ճանապարհի կեսին է: Անցել է ավելի քան 1.5 տարի, ճանապարհի կեսն անցել են և մնացել են այնտեղ, որովհետև այնտեղ ամենահարմար տեղն է: Գիտե՞ք՝ ինչու. օգտվում են իշխանության իրավունքներից, բայց չեն ստանձնում իշխանության պարտականությունները. ինքնաթիռից օգտվում են, որոշում չեն կայացնում:

Նախկին իշխանությունը գնացել է ընդդիմություն, բայց նույնպես մնացել է ճանապարհի կեսին, որովհետև անընդհատ ուզում է ապացուցել, որ իր ժամանակ այդքան էլ վատ չէր, կամ լավ էր, կարևոր չէ: Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»:

Նույն շարքից