Հասարակություն 

Սպանդարյանցի 22-ամյա հարսի աչքից ապակե բյուրեղներ են թափվում

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ապրող Միքայելյանների հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի աչքից ապակե բյուրեղներն առաջին անգամ ընկան երկու ամիս առաջ:  Հանկարծակի աչքը ցավել է: Կինը մտածել էր, թե աչքի մեջ ինչ որ օտար մարմին է ընկել, սկեսրոջը խնդրել էր, որ նայի, հեռացնի: Զեմֆիրան, սակայն, տեսածից անակնկալի էր եկել, ինքնազգացողության վատացում ունեցել, երբ հարսի աչքի մեջ ոչ թե փոշու հատիկ, կամ ծանոթ այլ փոքրիկ մասնիկ նկատելու փոխարեն ապակենման բյուեղ էր տեսել: «Չգիտեմ ոնց բացատրեմ, որ հավատաք, շատ վատ զգացի, բայց ընձի չկորցրեցի, վերցրեցի ականջի բամբակով չոփը հանեցի: Մի 4-5 հատ հանեցի: Բայց ոնց որ չհավատայի էլի: Հետ  հանելու ժամանակ ընկավ մեկն ու կտտաց»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Սաթենիկի սկեսուրը՝ տիկին Զեմֆիրան:

Առաջին բյուրեղը ընկնելուն պես Զեմֆիրան հարսին տարել է Արթիկ, ակնաբույժի մոտ: Բժիշկը եւ չի հավատացել, եւ զարմացել է: Հարսին ու սկսեսուրին ոչինչ ասել չի կարողացել: Բայց քարերը Սաթենիկի աչքից հեռացրել է:  Մեկ շաբաթ Արթիկի մասնագետը բյուրեղները հեռացրել է, այնուհետ ուղեգիրը տվել, մայրաքաղաք՝ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա է ճանապարհել: Բայց այնպես չէ, որ Երեւանում Շիրակի մարզի բնակչին ասելիք ունեցել, խնդրին էլ լուծում են տվել: «Գնացինք, լրիվ  քարերը տարանք, իրանք էլ անտեսին: Նույնիսկ կասկածեցին, թե մեր հարսը հիվանդ է, ինքն  է իրա աչքի մեջ դրանք լցնում: Մեր տարած ամանով քարերը հետ հրեց, ասեց կարող եք տոն գնալ: Ստիպված դիմեցինք Առողջապահության փոխնախարարին, ինքն էլ ուղարկեց Շենգավիթի ակնաբուժական կենտրոն: Բժիշկը շատ լավ ընդունեց, նայեց, քարերը հանեց, ուղարկեց տուն: Ասեց երբ եկավ, նորից բերեք»,-պատմեց Զեմֆիրան:

Դրանից հետո մեկ անգամ էլ Սաթենիկին սկեսրայրն է տարել Երեւան՝ աչքից բյուրեղները հեռացնելու համար: Սակայն Միքայելյանները չունեն նման հնարավորություն, որ կարողանան շաբաթը երկու անգամ հասնեն Երեւան եւ վերադառնան Սպանդարյան:

Հիմա էլ Սաթենիկի աչքից օրական 3-ից 4 անգամ ապակե բյուրեղներ են դուրս գալիս: Սկզբում աչքի դիմաց սեւանում է, հետո սկսում է աչքը ցավել: Գյումրիում էլ են դիմել մասնագետի օգնությանը: Սաթենիկի սկեսուրն ասաց դեղ էին նշանակել, օգտագործելու ընթացքում 5 օր ապակե բյուրեղներ չի եկել հարսի աչքից: Սաթենիկը, սակայն, դրանից շատ վատ ինքնազգացողություն է ունեցել՝ ուժեղ գլխացավեր ճակատային եւ սուր ցավեր՝ ակնային հատվածներում:

«Երբ որ էդ 5 օրն անցավ, էկավ, արդեն իրան լավ էր զգում: Ստեղ էլ ոչ մի բան չասացին, չեն հասկանա էլի ինչ է:  Գյումրիում մենակ արյան անալիզ են վերցրել, նաեւ նմուշ արցունքից: Հանկարծ որ շատ լցվավ, կտրորե մատով, կթափին: Մինչեւ 15 հատիկ արդեն կթափի»:

Անսովոր վիճակում հայտնված աղջկա աչքից դուրս եկող բյուրեղիկներն արտասովոր ամրություն ունեն, ապակե բաժակի վրա դրանով խորը խազեր կարելի է անել: Համայնքապետն էլ է փորձել, ասում է շատ ամուր ապակե կտորներ են: Բյուրեղիկները, սակայն, աղջկա աչքը չեն վնասում: Մի փոքր լցված հատվածն արյունոտվում է, հետո անցնում է,-ասաց պատմեց սկեսուրը:

Բյուրեղիկներն արդյո՞ք մասնագետները զննել են, ՀԺ-ի հարցին, Զեմֆիրան պատասխանեց՝ ոչ: Ոչ մի հատիկն էլ չեն ուսումնասիրել:

«Մեր հարսը ոտից-գլուխ առողջ է: էս 8 տարի է մեր տունն է, ես իրա տքոցը չեմ լսել, բացի ատամներից: Ինքը հիվանդ աղջիկ չի եղել: Ըսիգ լրիվ նորություն է, մեզի համար էլ է անսպասելի, իրա համար էլ: Սկզբից շատ վախեցանք, բայց հմի արդեն անհանգիստ ենք մենակ, որ հասկանանք, թե սա ինչ է: Ոնց որ սովորական բան է դառել, էլի: Իրիկունը հանում ենք, քնում է, ինքը քնած ժամանակ ցավեր չի զգում, առավոտը ելնում է, 7 հատ, 8 հատ հանում ենք, հետո ժամը մեկի կողմերը նորից հանում ենք, ժամը 5-ի կողմերը նորից հանում ենք»:

Միքայելյանները չգիտեն, թե Սաթենիկի առաղջական խնդրի մասին ում հետ կարելի է խոսել, կամ ում պետք է դիմեն: Սկեսուրն ասում է, իրենց ոչինչ պետք չէ, միայն հարսն առողջ լինի, որպեսզի կարողանա 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու հետ որդուն մեծացնի:

Սաթենիկը 22 տարեկան է: Ապակե բյուրեղիկները հոսում են միայն աջ աչքից: Վերջին շրջանում դրանք նաեւ գունավոր են դարձել:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից