«Սանիթեք» ընկերության աշխատակիցները շարունակում են ակցիա իրականացնել քաղաքապետարանի մոտ: Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Ընկերությունից ասել են, որ գումարը քաղաքապետարանը չի փոխանցել, դրա համար չեն տալիս:
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով, այդ բոլոր հարցերը պետք է կարգավորել ընկերության ղեկավարության հետ: Նա միևնույն ժամանակ աշխատանքի է հրավիրում ընկերության աշխատակիցներին` վարորդներին խոստանալով 290 հազար դրամ աշխատավարձ:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ օրեր առաջ քաղաքապետարանի աշխատակիցները բողոքում էին, որ չեն ստանում այդքան աշխատավարձ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ բանվորներին մաքուր 170 հազարով աշխատանքի են հրավիրում, իսկ հավաքարարներին` 130 հազարով:
«40 հատ ավտո ունեք, քաղաքի մի տոկոսը չեք մաքրում, արա»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Սանիթեք»-ի աշխատակիցները նշում են, որ մինչև 260 հազար աշխատավարձ են ստացել, իսկ հիմա մնացել են գործազուրկ, դրա փոխարեն հնդիկներն ու պարսիկներն են աղբահանություն իրականացնում: Նրանց խոսքերով, օրվա վերջում աշխատակիցներին տանում էին տուն, իսկ քաղաքապետարանը նույնիսկ դա չի անում: Քաղաքապետարանից պնդում են, որ դրա փոխարեն իրենց մոտ աշխատավարձն է շատ:
Քաղաքապետարանը սիրով աշխատանքի է հրավիրում «Սանիթեք»-ի աշխատակիցներին: Հարցին` պատրաստ են արդյո՞ք ընդունել բոլոր 900 աշխատակիցներին, քաղաքապետարանն ասաց` միայն փուլերով: