Զբոսաշրջիկները կամ մասնավոր այցով Հայաստանում գտնվող անձինք պարտավոր են արդյո՞ք թարգմանված վարորդական իրավունքներով Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարել: Պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին` փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ նրանք նման պարտավորություն չունեն. «Վիեննայի կոնվենցիա գոյություն ունի, որին միացել է նաև Հայաստանը: Կոնվենցիայի անդամ պետությունների վարորդները պարտավոր չեն կոնվենցիայի անդամ երկրների տարածքում թարգմանված վարորդական վկայականներ ունենալ: Իսկ եթե կոնվենցիայի անդամ չեն, պետք է վարորդական իրավունքները թարգմանվեն»:
Բագրատյանն, արձագանքելով պատասխանին, հայտարարեց, որ Հայաստանի վարորդական իրավունքը չի գործում Ռուսաստանում. «Մենք մեր օրենքում նշո՞ւմ ենք, որ այդ արգելքը պահելու ենք մինչև վերանա արգելքը Հայաստանի վարորդների համար Ռուսաստանում»:
«Միանշանակ»,-պատասխանեց փոխոստիկանապետը:
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է օրենքի նախագիծ, որի ընդունվելու դեպքում մասնավորապես ՌԴ քաղաքացիները չեն կարող իրենց վարորդական իրավունքներով ավտոմեքենա վարել այդ թվում նաև բիզնես ոլորտում: