Գլխավոր Հասարակություն 

Որոշ ժամանակ առաջ ինքս էլ չէի կողմնորոշվում` Ամուլսարի հարցում կողմ եմ, թե` դեմ եմ. Հրաչյա Հակոբյան

analitik.am

Ես որևէ հիմք չունեմ կառավարությանը չվստահելու համար։ Կառավարությունը երաշխավորում է՝ եթե լինեն ռիսկեր, աղտոտվի օդը, ջրերը, հանքն այդ դեպքում իրավական հիմնավորմամբ չի շահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ նշելով, որ կան սրտացավ մարդիկ, ովքեր ունեն կասկածներ, ում չի բավարարում այս իրավիճակը․ «Բայց բոլորիս է հայտնի, թե որքան մարդիկ կան, որոնք ուղղորդվում են տարբեր ուժերի կողմից։ Իհարկե չունեմ փաստեր, բայց այն որ օդի մեջ այդ խոսակցությունը կանգնած է, դա միանշանակ է»։

Ապա «Իմ քայլի» պատգամավորը հարցրեց, թե ինչու այդքան հաճախ չէինք հանդիպում saveAmulsar հեշթեգին, երբ թույլ էր տրվում Ամուլսարի ներդրման շրջանակներում այդ չորս հարյուր միլիոն դոլարը ներդնել. «Ի՞նչ էին անում այդ մարդիկ, երբ Լիդիանին տրվեց թույլտվություն»։

Հակոբյանի խոսքերով, մարդիկ կան, որոնք պահանջում են, մարդիկ էլ կան, որոնք ուղղորդվում են․ «Կան մարդիկ որոնք սրտացավ են, կան մարդիկ, որոնց առիթ էր պետք այս իրավիճակը հավելյալ սրելու համար»։

Հարցին՝ Ամուլսարի հարցով ինչո՞վ է տարբերվում այս իշխանությունը նախկին իշխանությունից, Հակոբյանն ասել է, որ այս իշխանությունը հակաիրավական, անօրինական որոշումներ չի կայացնում․ «Այսինքն` իշխանությունը իրավական որևէ հիմնավորում չունի արգելելու հանքի շահագործումը, չի անում այդ հակաիրավական գործընթացը»։

Խոսելով խմբակցության ներսում Ամուլսարի հարցում դիրքորոշման մասին` պատգամավորը նշեց, որ որոշ գործընկերների մոտ վարչապետի կողմից մի քանի անգամ հավաստիացնելը թերևս ինչ-որ բան փոխել է․ «Նրանք նույնպես մտածում են այնպես, ինչպես` ես։ Մի որոշ ժամանակ առաջ ես ինքս էլ չէի կողմնորոշվում` կողմ եմ, թե` դեմ եմ։ Իսկ հիմա հասկանում եմ, որ որևէ հիմք չունեմ չվստահելու մեր կառավարությանը։ Այսինքն, եթե նախկինում կառավարությունն ինչ-ինչ հարցերում խաբած լիներ, ես ինձ խաբված զգայի այս կառավարության կողմից, ես միգուցե հիմա չվստահեի, բայց նախկինում նման բան տեղի չի ունեցել»։

Հակոբյանի խոսքերով, խմբակցության ներսում լարվածություն չկա։

Նույն շարքից