Հասարակություն 

Աննախադեպ կարկուտ և սելավ Անտառաշատում. հաշվարկում են վնասները /Տեսանյութեր/

«Անտառաշատ համայնքում սելավը, կարկուտը, հորդառատ անձրևն աննախադեպ էր, առաջին անգամ է նման երևույթ դիտվում, լավ է գոնե փոքր հատվածի վրա էր»,-Analitik.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ նման իրավիճակ ստեղծվել է  մի քանի համայնքներում՝ տեղ-տեղ ուժեղ, տեղ-տեղ թեթև, սակայն մեծամասամբ տուժել է Անտառաշատ համայնքը:

«Մի քանի համայնքներ ուղղակի ընկել են ուժեղ հարվածի տակ, Անտառաշատում հորդառատ անձրևը ճանապարհը քանդելով, ցեխաջուրը բերել-լցրել էր բոստաններ՝ լոբի, կարտոֆիլ, սրբել-տարել է»,-ասաց նա հավելելով, որ Անտառամեջում սելավն այնքան ուժգին է եղել, որ մեքենաների անիվները կիսով չափ թաղվել են ցեխի մեջ:

Ըստ Գագիկ Խաչատրյանի, այժմ հանձնաժողովները գույքագրում են անում, որպեսզի պարզեն վնասի չափը, հաշվարկները կներկայացվի մարզպետարան, հանձնաժողովը կքննարկի, որից հետո կներկայացնեն կառավարություն:

«Հիմնականում տուժել է 4-5 համայնք»,- ասաց նա:

Նաև Գյուղատնետսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ նախնական տվյալներով կենդանիների անկում չկա, իսկ ծառերի ողջ բերքը՝ տանձ, խնձոր, սալոր, հոն թափվել է և օգտագործման ենթակա չեն, վնասվել է նաև բանջարաբոստանային մշակաբույսերը: Տնտեսություններ կան, որոնք հարյուր տոկոսանոց կորուստ ունեն:

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում դիտվել է կարկուտ, հորդառատ անձրևներ, որոնք վերածվել են սելավի՝ լցվել Անտառաշատ համայնքի հողատարածքները և այգիները:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից